2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեցին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:

 

Ժամը 9։10-ին հայկական կողմը հայտնել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Կարճ ժամանակ անց հայկական պաշտոնական աղբյուրները հայտնել են ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին։

Ժամը 10։00-ի կողմերը Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։

Կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի Լևոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, և ադրբեջանական կողմը կորուստներ է տվել։

Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։

Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին հայտարարություն է տարածել, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը։

Արցախի Պաշտպանության բանակը հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը, հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ և հետևակի մարտական մեկ մեքենա։

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետներով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։

Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։

 

Ադրբեջանական զինուժը կիրառել է ծանր տեխնիկա, այդ թվում նաև ՀԿՌՀ հրանետներ և մարտական անօդաչու թռչող սարքեր։ Հայկական զինված ուժերի այ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 5 զոհ։ Ավտոբուսի մեջ են եղել նաև երկու գյուղապետ:

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները։ Զինադադար հայտարարելու համար ընթանում են բանակցային գործընթացներ։ Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով։

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը։

Ժամը 18։30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում Ադրբեջանի զինված ուժերի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը։

Ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում։ Հայկական կողմին հանձնվել է 18 զինծառայողի մարմին։

Հայկական զինված ուժերի և քաղաքացիական անձանց շրջանում մարդկային կորուստների մասին շրջանառվում են տարբեր թվեր: Հայկական մամուլի որոշ հրապարակումների համաձայն հայկական կողմից զոհվել կամ սպանվել է ավելի քան 100 մարդ: