Գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն այս պահին ծանր է, իսկ նրա հիվանդությունը համատեղելի չէ կալանքի հետ։ Այս մասին PrimeNews.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի իրավապաշտպան Արսեն Մկրտչյանը։ Իրավապաշտպանի պնդմամբ Գրիգորյանն ունի այնպիսի հիվանդություն, որոնք նույնիսկ ՀՀ-ի լավագույն բուժհաստատությունները չեն կարող բուժել, այսինքն կալանավայրում դրանց բուժման մասին կարելի է չխոսել։

«Իմ պաշտպանյալը քիմիոթերապիա չի անցնում, շաքարային ծանր հիվանդությամբ է տառապում, և այստեղ էլ միայն ստանում է օրվա դեղահաբերը»,- ասում է իրավապաշտպան Մկրտչյանը։ Մեր զրուցակցի խոսքով երկուշաբթի օրը բժիշկները Մանվել Գրիգորյանի առողջականի մասին նոր տեղեկություն կհաղորդեն․«Ամենօրյա ռեժիմով աշխատում են, գաղտնիք չէ ոչ մեկի համար, որ կալանավայրում հիվանդությունը չեն բուժում, այլ կայուն վիճակում են պահում»։

 

Մկրտչյանը համոզված է նաև, որ իր պաշտպանյալի հիվանդությունը խոչընդոտում է կալանքը կրելուն և պնդում է, որ պետք է Գրիգորյանը ազատ արձակվի, քանի որ դա օրենքով սահմանված է։ «Կան մի շարք հիվանդություններ, որոնք պարզապես համատեղելի չեն կալանքի հետ, այդ հիվանդություններից մի քանիսը ունի նաև իմ պաշտպանյալը, իսկ դրանց առկայության պարագայում, ըստ կառավարության 825N որոշման, պետք է տվյալ մարդուն ազատել կալանքից», ասում է Մանվել Գրիգորյանի իրավապաշտպանը և հավելում, որ եղել են նման հիվանդություններով տառապող մի շարք մարդիկ, որոնք ազատ են արձակվել։

Վերջում Արսեն Մկրտչյանից հետաքրքրվեցինք նաև, թե Մանվել Գրիգորյանի հայտարարած հակափաստարկներն արդեն իսկ առկա՞ են, թե՞ ոչ, իրավապաշտպանը հավելեց․«Հակափաստարկներն, իհարկե, արդեն իսկ ունենք, որոնք առանձնապես մեծ դժվարություն իրենցից չեն ներկայացնում, դրանք առաջիկայում ներկայացնելու ենք դատարան»։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Պատգամավորի ձերբակալության մասին համապատասխան կարգով տեղեկացվել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները: Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը, ԱԱԾ տեսանյութի հրապարակումից ժամեր անց հրաժարվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։

 

Հիշեցնենք նաև, որ Գրիգորյանի կինը, Նազիկ Ամիրյանը հունիսի 27-ին երկար որոնումներից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանությանբաժանմունք։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար: Սակայն այսօր Նազիրկ Ամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, վերջինս ազատ է արձակվել։ Նախաքննությունը շարունակվում է:

Արմինե Միքայելյան