Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քիչ առաջ մամուլում հայտնվել է դիվանագիտական անձնագրերից զրկված 254 անձանց անունները: Ի դեպ, նկատենք, որ դիվանագիտական անձնագրերից զրկված անձանց ցուցակից բացակայում են Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, նրա կնոջ, ինչպես նաև Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և իր կնոջ ու մի շարք այլ պաշտոնատար անձանց անուններ: Հետաքրքրական է, որ անձնագրերից զրկվածների ցուցակում առկա են Ռիտա Սարգսյանի և Բելլա Քոչարյանի անունները, իսկ նույն այդ ցուցակում չկա Լևոն Տեր-Պետրոսյանի կնոջ՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի անունը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թեև չցանկացավ մեկնաբանել հրապարակված ցուցակը, սակայն նշեց՝ եթե նույնիսկ դա ճիշտ է, ապա այն արվել է հակաօրինական ճանապարհով: Բալայանի խոսքերից դատելով, կարող ենք ենթադրել, որ ցանկն իսկապես իրական է և ակնհայտ է, որ այն դուրս է եկել նախարարության ներսում գործող անձանց անմիջական միջամտությամբ: Իհարկե, սա ենթադրություն է, սակայն չի բացառվում, որ հենց այդպես էլ եղել է:
Նշենք, որ նոր օրենսդրությամբ՝ կա կոնկրետ պաշտոնյաների ցանկ, որոնք ի պաշտոնե դիվանագիտական անձնագրի իրավունք ունեն: Ելնելով պետության շահերի ու ազգային խնդիրների լուծման տեսանկյունից՝ ցանկացած գործիչ կարող է ստանալ դիվանագիտական անձնագիր, որը նախատեսված է ողջ աշխարհում կիրառելու համար և հեշտացնում է մարդու ելումուտը աշխարհի ցանկացած երկիր։
Նկատենք, որ ՀՀ դիվանագիտական անձնագրեր տրվում են Նախագահին, Ազգային ժողովի պատգամավորներին, վարչապետին, կառավարության անդամներին, Սահմանադրական դատարանի նախագահին, Վճռաբեկ դատարանի նախագահին, Գլխավոր դատախազին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի անդամներին, կենտրոնական բանկի նախագահին, օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (խորհուրդների) նախագահներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին), դիվանագետներին, սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում նշված ներկայացուցիչներին և ներկայացուցչության համապատասխան աշխատակիցներին, իսկ առանձին դեպքերում` այլ անձանց` Նախագահի թույլտվությամբ:
Դիվանագիտական անձնագրեր են տրվում նաև Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներին:
Դիվանագիտական անձնագրեր տրվում են օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագետի ամուսնուն, ինչպես նաև մինչև 21 տարեկան չամուսնացած և խնամքի տակ գտնվող երեխաներին` դիվանագետի հետ օտարերկրյա պետություն մեկնելիս:
Սոնա Հարությունյան