Ինչպես տեղեկացրել ենք
՝ գերմանական  «Spiegel» հանդեսը հրապարակել է աղմկահարույց լրագրողական հետաքննության արդյունքներ՝ Գերմանիայում հայկական մաֆիոզ խմբավորումների մասին։ Ըստ հետաքննության արդյունքների՝ Գերմանիայի իրավապահները «Պայքար օրենքով գողերի դեմ» (Fight Against Thieves In Law (FATIL) հատուկ գործողության շրջանակներում փորձել են ձերբակալել հայկական մաֆիայի անդամներին, բայց՝ անարդյունք։ 

Հետաքրքիր է այն, որ մաֆիայի հետ կապեր ունենալու և «օրենքով գող» լինելու մեջ շոշափվում է Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի անունը։Բացի դա՝ Սմբատյանը նաև կասկածվում է «փողերի լվացման» և մաքսանենգության մեջ: 

 

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը նշված հրապարակման վերաբերյալ զրուցեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, որ ԱԳՆ-ն կապի մեջ է գերմանական պատկան մարմինների հետ, որպեսզի ճշտի մամուլում հայտնված պնդումների արժանահավատությունը։

«Հաշվի առնելով հարցի նրբությունը և հավանական ազդեցությունը մեր դիվանագիտական ներկայացուցչության բնականոն աշխատանքի վրա՝ ներկայումս նպատակահարմար չենք գտնում լրացուցիչ մեկնաբանություն տալը»,-ասաց Նաղդալյանը և հավելեց, որ ըստ արդյունքների՝ կտրամադրեն հավելյալ տեղեկություններ։

Նշենք, որ Աշոտ Սմբատյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում դեսպան է նշանակվել 2015 թվականին։