Sinogene չինական ընկերությունը մինչեւ 2019 թվականի մարտը պլանավորում Է վերարտադրել Չինաստանում առաջին կլոնավորված կատվին: Ինչպես հայտնել Է Global Times թերթը, այս նախագծի նպատակն Է՝ կատուների զանգվածային վերարտադրության արդյունավետ գործընթաց կազմակերպել արհեստական պայմաններում:
Կատվին ստեղծելու համար օգտագործվելու են նույն այն տեխնոլոգիաները, ինչ եւ Դոլի ոչխարին կլոնավորելիս: «Այդ նախագիծը հազիվ թե մեծ հետաքրքրություն ներկայացնի գիտական առումով, բայց մենք դրանում հսկայական ներուժ ենք տեսնում ՉԺՀ-ի կլոնավորման շուկայի համար,-հրատարակությունը մեջբերում Է Չժաո Ցզյանպինի՝ կենսատեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող այդ առեւտրային կազմակերպության գլխավոր կառավարչի տեղակալի խոսքը:-Նույնիսկ չնայած այն բանին, որ կլոններին չի կարելի համարել բնական ձեւով ծնված կենդանիների բացարձակ նմանօրինակը, արհեստականորեն բուծված կատուները վայելելու են իրենց տերերի ոչ պակաս կապվածությունը»: Նա ընդգծել Է, որ արտաքուստ կլոնները ճշտությամբ վերարտադրելու են այն կենդանու օրիգինալը, որից ստեղծվել Է կրկնօրինակը:
Միակ տարբերությունը կարելի Է համարել նույն հիշողության եւ սովորությունների բացակայությունը: Բացի կատուներից, ընկերությունն արդեն զբաղվում Է շան ձագերի կլոնավորմամբ, որոնցից յուրաքանչյուրը գնորդի վրա կնստի մոտավորապես 380 հազար յուան (մոտավորապես 55 հազար դոլար): Պաշտոնական վիճակագրության համաձայն, Չինաստանում կա ընտանի կենդանիների ավելի քան 73 մլն սեփականատեր, որոնք ունեն 91 մլն կատու եւ շուն: ՉԺՀ-ի խոշոր մեգապոլիսներում, որտեղ մի շարք գործոնների բերումով շատերը նախընտրում են երեխայի փոխարեն կենդանի պահել, պարզվում Է, որ կլոնների բուծման բիզնեսը հատկապես շահութաբեր Է: Միայն հունվար-օգոստոս ամիսներին կատուների եւ շների վաճառքի շուկայի մասշտաբները գերազանցել են 170 մլրդ յուանի (24 մլրդ դոլար) նշագիծը՝ տարեկան հաշվարկով ավելանալով 27 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: