Այսօր՝ մարտի 3-ին, ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, բանաստեղծ, երգիչ, նկարիչ, ԽՍՀՄ-ում առաջին ռոք-խմբի՝ «Առաքյալներ»-ի  հիմնադիր և առաջատար Արթուր Մեսչյանի 70-ամյա հոբելյանն է։ 2011 թվականին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: 

Մեսչյանը ծնվել է Երևան քաղաքում։ Փոքր հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ և նկարչությամբ։ Մանուկ հասակում երգում էր հայկական և ռուսական երգեր, հետագայում նաև՝ իտալական, անգլիական, ֆրանսիական, լեհական ու հունգարական։ Յոթ տարեկանից հաճախել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց՝ ջութակի ու դաշնամուրի դասերի, նաև երգել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տղաների երգչախմբում։ Դպրոցական տարիներին սկսում է երաժշտություն գրել։ Հասուն տարիքում՝ 1973 թվականին, մոտ մեկ տարի Արթուր Մեսչյանը երգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, ինչը հետագայում մեծ ազդեցություն է թողնում նրա ստեղծագործությունների վրա։

 Դեռևս դպրոցում ուսանելու տարիներին՝ 1965 թ., գրվում են «Ո՞ւր էիր Աստված», «Կտակը» և «Ծերունի» երգերը։ Առաջին անգամ «Ո՞ւր էիր Աստված» երգը հանդիսատեսի համար կատարվում է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցում, որտեղ և սովորում էր Ա. Մեսչյանը։ 1966 թ. ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետ։

1967 թ. ստեղծվում է «Առաքյալներ» ռոք խումբը, որն սկզբնական շրջանում չուներ սեփական անվանում և հանդես էր գալիս որպես ճարտարապետական ֆակուլտետի խումբ։

1996 թ. Արթուր Մեսչյանը ՀՀ կառավարությունից հրավեր է ստանում զբաղեցնել Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ 

Իսկ ահա «Թավշյա հեղափոխությունից» հետո, 2018-ի հոկտեմբերին, նոր ընտրված քաղաքապետ՝ Հայկ Մարությանի կողմից Արթուր Մեսչյանը նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ: