Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները վերացվելու են, դրանց փոխարեն ստեղծվելու է Գերագույն դատարան: Նման հայտարարություն երեկ ԱԺ-ում արել էր ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը և խոստացել՝ առաջիկա շաբաթ ԱԺ դատին ներկայացնել իր հեղինակած դատական համակարգի բարեփոխումների հիմնադրույթներն ու ճանապարհային քարտեզը: Նա նաև նշել էր, որ, եթե դրանք հավանության արժանանան խմբակցության կողմից, կներկայացնի օրինագիծ:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանն իր կարծիքը հայտնեց.
«Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները վերացնելու մասին հայտարարությունը նույնն է, որ վաղը մեկն արթնանա ու ասի՝ Ազգային ժողովն ու Կառավարությունը միացնում ենք ՄԱԿ-ին: Նման հայտարարությունը քննարկման ենթակա կարող էր լինել առնվազն այն ժամանակ, երբ դրա մասին խոսեր սահմանադրական փոփոխությունների պաշտոնապես ձևավորված հանձնաժողովը: Բայց նույնիսկ այդ դեպքում, Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները փոխարինել Գերագույն դատարանով, նշանակում է ունենալ 200-300 էջ կոնցեպտուալ հիմնավորումներ, թե ինչու Սահմանադրական վերահսկողութուն և Սահմանադրության գերակայություն ապահովող մարմինը պիտի վերանա, և ինչ-որ անհասկանալի կառույց ստեղծվի»:
Մեր զրուցակիցը մեջբերում է միջազգային փորձը, ըստ որի` դատարանների լիազորությունները համատեղելու պրակտիկա կիրառվում է անգլոսաքսոնական իրավական համակարգ ունեցող երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում Սահմանադրական դատարանի գործառույթները Գերագույն դատարանն է իրականացնում: Եվրոպական մայրցամաքային համակարգի երկրներում՝ Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում, միանշանակ գործում են Սահմանադրական դատարաններ:
«Ես, որպես մասնագետ, անհրաժեշտություն եմ համարում Սահմանադրական դատարանի գոյությունը մեր երկրում: Այլ խնդիր է, որ մինչ օրս Սահմանադրական դատարանը ճիշտ չի իրականացրել իր ֆունկցիոնալ առաքելությունը: Եթե խոստացված վեթինգը հնարավոր չէ իրականացնել, և մենք դժգոհ ենք դատական համակարգից, չի նշանակում, որ դատական համակարգը պետք է վերացնել: Սահմանադրական դատարանը պետության իրավունքն ու անվտանգությունն ապահովող ամենալուրջ կառույցն է, և դա տանել, մտցնել Գերագույն դատարանի մեջ, նշանակում է նաև ունենալ պատրաստված, պրոֆեսիոնալ կադրեր, ովքեր կտիրապետեն քրեական, քաղաքացիական, վարչական բոլոր հիմնախնդիրներին, իսկ սա մեծագույն բաց է ոլորտում»,- ասաց Վարդան Այվազյանը: