Առնվազն երեսուն մարդ է տուժել Ճապոնիայի Օկինավա և Կյուսյու հարավային երկու կղզիներում, որոնց բաժին է ընկել «Տապա» թայֆունի, որն այս տարի թվով 17-րդն է, հիմնական հարվածը: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով հրշեջ պահպանության ընդհանրացված տվյալները, որը Ճապոնիայում կատարում է փրկության և շտապ օգնության գործառույթները:

Կյուսյուում առանց լույսի է մնացել 50 հազար տուն, Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու Յամագուտիի պրեֆեկտուրայում՝ ևս 9 հազար տուն: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, «Տապա» թայֆունն այժմ անցնում է Ճապոնական ծովի վրայով և շարժվում է դեպի հյուսիս - արևելք: Սեպտեմբերի լույս 24-ի գիշերն այն կարող է մոլեգնել Ճապոնիայի Հոկայդո ամենահյուսիսային կղզում:

Ըստ որում օդերևութաբանները նշում են, որ թայֆունն աստիճանաբար կորցնում է ուժը: Մինչդեռ, ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, «Տապա» թայֆունը մարդկային կյանք է խլել Հարավային Կորեայում, ինչի մասին սեպտեմբերի 23-ին հայտնել է հանրապետության Տարերային աղետների, արտակարգ իրավիճակների և աղետների կենտրոնական շտաբը: Տուժել է 26 մարդ: Երկրի հարավային շրջաններում, որտեղ մոլեգնել է տարերքը, կան ավերածություններ, նշվում է էլեկտրականության և ջրի մատակարարման խափանումների մասին: Խախտումներ են գրանցվել նաև տրանսպորտի աշխատանքում: