«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և գործող նախագահ Սերժ Սարգսյանի միջև նամակագրական երկխոսությունը նորանոր հորիզոններ է նվաճում՝ իր շարունակականությամբ սպառնալով անգամ ամենավարկանիշային սերիալներին: Սերժ Սարգսյանի այսօրվա պատասխան-նամակը Րաֆֆի Հովհաննիսյանին նոր էջ բացեց այդ գործընթացում: Գովեստի ու մեծարանքի խոսքեր շնորհելով աշխարհի վրա դառնացած ու արդեն ավելի քան տասը օր քաղցած Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին, Ս. Սարգսյանը նրան կոչ է արել դադարեցնել հացադուլը և երկու օր կազդուրվելուց հետո միասին լուրջ աշխատել: Ընդ որում, Ս. Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մի քանի պաշտոն պահանջելու քայլին որոշակի որակումներ տալով հանդերձ, հայտարարում է. «Ինձ ուրախացնում է, որ Դուք ունեք նաև ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն, և այդ հարցում մեր կարծիքները կարծես բավականաչափ մոտ են: Ես վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել, հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք: Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք, խնդրում եմ, հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք, և մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների՝ սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը»: Այս հայտարարությունն իրականում ոչ այլ ինչ է, քան Ս. Սարգսյանի արձագանքն առ այն, որ պատրաստ է ընդունել Րաֆֆի Պահանջ-առաջարկները և բավարարել դրանք՝ եթե ոչ ամբողջությամբ, ապա «թուղթուգրիչով» դետալների վրա «միասին աշխատելով»: Թե ի՞նչը կամ ո՞վ ստիպեց Րաֆֆի Հովհաննիսյանին՝ իր պայքարը միստիկ հարթությունից տեղափոխել նախադեպը չունեցող «կառուցողական դաշտ», առայժմ դժվար է ասել: Բայց մի կողմ թողնենք «գործարքի», «իշխանությանը ծախվելու» մասին մշտական գնահատականները, որոնք ուղեկցել են ցանկացած ընդդիմադիր շարժման: Ընդունենք, որ այն, ինչ անում է Րաֆֆին, անում է միանգամայն անկեղծ մղումով ու բացառապես հայրենիքի շենացման մասին մտահոգությունից ելնելով և տակավին չի կարևորում իր անձը: Այդ դեպքում, սակայն, հարց է առաջանում՝ ինչի՞ համար է ավելի քան երկու շաբաթ շարունակվող հացադուլը՝ հարակից միջոցառումներով: Ի՞նչ իմաստ ուներ հացադուլ հայտարարել, այսքան աղմուկ բարձրացնել, եթե կարելի էր համաձայնության գալ անմիջապես ընտրություններից հետո: Քանի որ իրականում Րաֆֆին այսօր Ս. Սարգսյանից պահանջում է այն, ինչ վերջինս նրան, ըստ էության, առաջարկել է նախագահական ընտրությունների հաջորդ օրը: Ու, ինչպես պարզվեց Ս. Սարգսյանի ասուլիսից, «Ժառանգության» առաջնորդին հետաքրքրել է ավելի շատ իշխանության հետ համագործակցության ձևաչափը, մասնավորապես՝ կոալիցիա կազմելու հնարավորությունը: Ս. Սարգսյանի պատասխանից, ի դեպ, բխում է նաև, որ «հոգ է տարված» նաև ձևաչափի մասին: Մեծ հավանականությամբ, Ս. Սարգսյանը կարող է Ր. Հովհաննիսյանին առաջարկել կազմել ոչ թե կոալիցիոն, այլ, ասենք, «ազգային փրկության կառավարություն»: Այդ ձևաչափը, այլ առավելություններից բացի, շատ գեղեցիկ է հնչում՝ համ ազգային է, համ փրկության, համ էլ, ամենակարևորը՝ կառավարություն: