2019թ. նոյեմբերի 14-ին, երբ «Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն իր ղեկավարած կազմակերպության մի քանի աշխատակցի հետ մեկնել են Եղեգնաձոր՝ գերի ընկած զինվորի՝ Արայիկ Ղազարյանի տուն, վթարի են ենթարկվել: Աշխատակիցների թվում է եղել նաև փաստաբան Հայարփի Սարգսյանը: Այս հանգամանքը վերջիններիս փոխադարձ մեղադրանքների առիթ է դարձել:
Մասնավորապես, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանումներ տվեց արդեն իրենց նախկին փաստաբան Հայարփի Սարգսյանի գրառումների կապակցությամբ. «Հայարփին իր գրառումներում որպես վթարի զոհ մենակ է ներկայանում և ոչ մի խոսք չկա մեր մասին։ Գրառումներից մեկում անգամ գրել է, որ այս վթարը կազմակերպված էր իր մասնագիտական գործունեության դեմ․․․ Ես առջևում էի նստած և իմ գլխի հարվածն այնքան ուժեղ էր, որ մեքենայի դիմաապակին ճաքեր տվեց։ Տեղում բոլորին առաջարկեցի դիմել բժշկի Եղեգնաձորում կամ եթե շատ վատ չեն Երևանում և կարծես թե համաձայնության եկանք։ Հաջորդ օրվանից մենք բոլորս աշխատել ենք, Հայարփին շուրջ 2 շաբաթ և ավել աշխատանքի չի եկել, մեզ հետ չի կապվել որևէ կերպ, ես իրեն զանգահարել եմ 5 անգամ և ոչ մի պատասխան։ Երբ եկավ աշխատանքի բավականին ագրեսիվ էր տրամադրված, վերաբերմունքը խիստ անհարգալից էր, պահվածքն անվայելուչ, գրասենյակում օտար մարդիկ կային, սակայն դա չկաշկանդեց նրան պատերով խփել գրիչներն ու փաստաթղթերը, գոռգոռալ և այլն։ Այսպիսի պահվածքը անհնարին է դարձնում հետագայում մեր համատեղ աշխատանքը։ Ինչ վերաբերում է կազմակերպությունում նրա կատարած աշծատանքին, ես դժգոհ չեմ եղել։ Հայարփի Սարգսյանի հետ քաղիրավական պայմանագրի դադարեցումը կապված է նրա խիստ անհարգալից պահվածքի հետ»,- գրել է Ալեքսանյանը։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում փաստաբան Հայարփի Սարգսյանն էլ ասաց, որ Ժաննա Ալեքսանյանը խեղաթյուրված է ներկայացրել իրականությունը։ Նա պատմեց` դեպքի օրը վարորդը բավականին արագ է վարել մեքենան և նշեց՝ ունի հիմնավոր կասկածներ, որ վթարը կազմակերպված է եղել. «Մեքենայում ինձանից բացի կային 3 լրագրող, սակայն նրանցից որևէ մեկը որպես լրագրող վթարի մասին չի բարձրաձայնել: Չնայած արյունահոսությանս` որևէ մեկը շտապօգնություն չի հրավիրել: Ինձ հարցրել են՝ արդյո՞ք հիվանդանոց գնալու կարիք որևէ մեկը ունի, ասել եմ՝ ես ունեմ, ասել են՝ մոտակա հիվանդանոցը փակ է։ Մեզ դիմավորել են զինվորի հարազատները, տարել են իրենց տուն, Ժաննա Ալեքսանյանը ասաց՝ ճիշտ չի լինի, որ զինվորի ընտանիքը մեզանով զբաղվի, և որ ինձ վրա չկենտրոնանամ, մի խոսքով զինվորի տանը ինձ անհարմար վիճակի մեջ գցեց։ Երբ վերադարձանք Երևան, ինձ վատ էի զգում, հաջորդ օրը ուրբաթ էր, չգնացի աշխատանքի, քանի որ ամբողջ գիշեր չէի քնել, արյունահոսել էի։ Առավոտյան մի շարք զանգ եմ ստացել, այդ թվում Ժաննա Ալեքսանյանից, հետ եմ զանգահարել, որ տեղեկացնեմ ի վիճակի չեմ գնալ աշխատանքի, սակայն նա չի պատասխանել։ Ոչ թե 2 շաբաթ չեմ գնացել աշխատանքի, այլ շաբաթ-կիրակիները հանած՝ 8-9 օր: Ինձ Ժաննա Ալեքսանյանը 5 անգամ չի զանգել, սուտ է, ստացել եմ մեկ նամակ, որ ինձ իր համարից մեկ զանգ է եկել։ Իր հարսին, ով ադմինիստրատորն է կազմակերպության, դեռևս մինչև երկուշաբթի տեղեկացրել էի, որ բուժումս անհրաժեշտ է շարունակել և չեմ ներկայանալու»,- պատմեց փաստաբանը։
Նրա խոսքով՝ աշխատանքի գնացել է նոյեմբերի 28-ին և իրեն ագրեսիվ չի պահել: Փաստաբանը նշեց՝ ինչպես Ալեքսանյանն է ասում, թե օֆիսում օտար մարդիկ են եղել, այդպես չէ. «Աշխատակիցներից բացի, օֆիսում գտնվել է փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը և զինծառայող Անդրանիկ Մկրտչյանի հայրը՝ Արմեն Մկրտչյանը։ Ես ներկայացրի բժշկական տեղեկանքը, խոսեցինք դեղամիջոցից, որը պիտի օգտագործեի, ասացի՝ ինձ չի կարելի անհանգստանալ: Սակայն Ժաննա Ալեքսանյանը ինձ միտումնավոր նյարդայնացնում էր` ասելով, թե իբր գլուխս չեմ հարվածել, իբր՝ իմ տատիկը չէ, որ նազուտուզս տանի: Այդ ժամանակ ձայնս բարձրացրի՝ ասելով, որ ինչու որևէ մեկը ինձ համար շտապօգնություն չի հրավիրել, երբ ես արյունահոսում էի, ինչու ինձ զինվորի տանը ծաղրեց, և մեկ գրիչ շպրտել եմ իմ պահարանի ուղղությամբ, ավել ոչինչ չի եղել։ Իմ վարքը այդ կերպ ներկայացնելով՝ փորձում է իրեն արդարացնել։ Ինձ ասաց՝ թեկուզ բոլոր գործերը պռավալի գնան մենք իրար հետ չենք աշխատելու: Ստացվում է՝ Ժաննա Ալեքսանյանի քմահաճույքի պատճառով պետք է զինվորի շահը տուժի: Ես վստահորդներիս բացատրել եմ իրավիճակը և ասել եմ, որ ինձ հետ չի ցանկանում աշխատել, իրենք էլ գնացել գործերը վերցրել են Ալեքսանյանի մոտից: Ես պատրաստ եմ այդ գործերն անվճար շարունակել և հանուն զինվորի շահի կիսատ չթողնել դրանք»,- ասաց Հայարփի Սարգսյանը։
Փաստաբանը նշեց՝ գլխի հետազոտություններով պարզվել է, որ վթարից ստացել է գանգուղեղային վնասվածք՝ գլխուղեղի սալջարդ, գլխուղեղի ցնցում, և նշանակվել է 10 օր անկողնային ռեժիմ: Նա ասաց՝ պատրաստ է իր խոսքերն ապացուցող բազմաթիվ փաստեր ներկայացնել: