ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 6-ին հրավիրված արտահերթ նիստով որոշել է քննարկել իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Այս նախագիծը քննարկման առաջին օրից բազմաթիվ սահմանադրագետների և ընդդիմադիր գործիչների կողմից դիտարկվեց հակասահմանադրական և քննադատվեց:

Ինչ է ենթադրում օրենքի նախագիծը, Սահմանադրության որ հոդվածներին է հակասում և ինչ նպատակ է հետապնդում: Այս հարցերի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ:

-Սահմանադրագետների մեծ մասը, այդ թվում նաև Դուք, պնդում եք, որ Հովակիմյանի հեղինակած նախագիծը հակասահմանադրական է: Սահմանադրության որ հոդվածներին է հակասում այն:

Օրենքի նախագիծն ակնհայտ հակասահմանադրական է: Մեր Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն սահմանված է, որ Սահմանադրական դատարանը ՍԴ-ի մասին օրենքով սահմանված կարգով որոշում է Սահմանադրական փոփոխությունների նախագծի և հանրաքվեի իրականացման մասին իրավական ակտերի Սահմանադրության համապատասխանության հարցը:169-րդ հոդվածն արդեն սահմանում է այն սուբյեկտների շրջանակը, որոնք կարող են դիմել Սահմանադրական դատարան: Այս հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը դիմում է ՍԴ՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի՝ սահմանադրությանը համապատասխանելիությունը հաստատելու համար: Առաջարկվող նախագծով ՍԴ դիմելու պարտադիր պահանջը հանվում է, այսինքն իրենք թույլատրելի նորմ են մտցնում ԱԺ կանոնակարգում, որ Սահմանադրական փոփոխություններն արվեն առանց ՍԴ համաձայնության:

- Նախագիծն ընդունելուց հետո, երբ արդեն ՍԴ-ն չի «խառնվի» Սահմանադրական փոփոխություններ իրականացնելուն, ով կհրապարակի որոշումն ու կստորագրի որոշման տակ:

-Նախագծի ընդունումից հետո միայն ԱԺ նախագահն է ստորագրում և հրապարակում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ որոշումը: Այսինքն, այն մեկ ուժը, որն ունի բացարձակ մեծամասնություն ԱԺ-ում, լիովին վերացնում է իշխանությունների միջև հակակշռման մեխանիզմները և այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ որևէ կերպ կոնսենսուսի չգնա այլ սահմանադրական մարմինների՝ այս դեպքում ՍԴ-ի և Հանրապետության նախագահի հետ: Այսինքն՝ ՍԴ-ից բացի, «խաղից դուրս է մնում» նաև ՀՀ նախագահը: Զսպման և հակակշիռների մեխանիզմը, որ գործում է ողջ աշխարհում, մեզ մոտ փորձում են վերացնել:

-Միջազգային փորձը մեջբերեցիք, ձեր կարծիքով այս նախագծի ընդունմանն ինչպես կարձագանքի Եվրոպայի Խորհրդի խորհրդատվական մարմինը՝ Վենետիկի հանձնաժողովը:

-Վենետիկի հանձնաժողովի և միջազգային այլ կառույցների կողմից շատ կոպիտ արձագանք կհաջորդի այս նախագծի ընդունմանը, որորվհետև սա բացահայտ հակասահմանադրական քայլ է, իսկ այդ կառույցներում աշխատող սահմանադրական իրավունքի անկախ փորձագետները պայքարում են հենց օրենքները պահպանելու համար: Եվ չնայած՝ հանձնաժողովի կարծիքները որոշիչ չեն, գրեթե միշտ հաշվի են առնվում անդամ երկրների կողմից, այս հույսով պիտի սպասենք նրանց օբյեկտիվ արձագանքին:

-ՍԴ-ին ու Սահմանադրական փոփոխություններին առնչվող բոլոր հարցերը քննարկվում և որոշվում են մեծ շտապողականությամբ, ինչո՞ւ, ո՞րն է այս նախագծի՝ այսքան արագ, արտահերթ նիստով ընդունելու նպատակը:

-Նպատակը պարզ է՝ տրամաբանորեն հրաժարվել ՍԴ-ից և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից: Այս նախագիծն ընդունելուց հետո նրանք միանշանակ կգնան Սահմանադրական փոփոխությունների ճանապարհով: Սահմանադրական փոփոխությունների փաթեթն էլ չեն ուղարկի ՍԴ: Նորից եմ կրկնում, սա հակասահմանադրական է և իրավական ոլորտում ճգնաժամի է հասցնելու:

Աիդա Կիրակոսյան