«Նեմրա» ռոք խմբի մենակատար Վան Եղիազարյանը հարգել է Հայոց ցեցասպանությն զոհերի հիշատակը եւ ներկայացրել իր նախնիների պատմությունը։ Նա նշել է նաեւ, որ ցեղասպանությունները դեռ կշարունակեն տեղի ունենալ աշխարհի տարբեր վայրերում, քանի դեռ աշխարհը լուռ է եւ կույր է ձեւանում
«1915թ.-ին Հայոց ցեղասպանության հետեւանքով նախապապերս Վանից գաղթեցին Արեւելյան Հայաստան: Իրենց տունը գտնվում էր Փշավան գյուղում (Փշավանք, Փշավանց), Նարեկավանքի մոտ, որտեղ սովորել է Գրիգոր Նարեկացին (Վանա լճի հարավ արեւելյան ափին), ասում են, որ այնտեղից լսվում էին նաեւ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու զանգերի ղողանջները:
1915թ.-ին թուրքերը սպանել են պապիս պապին: Նրա ընտանիքին Արեւլյան Հայաստան է հասցրել նրա եղբայրը՝ Մուրադը, որի անունով հետագայում կոչել են հորս: Նաեւ ունեցել են քույր, ում որդեգրել է ամերիկացի մի ընտանիք, բայց ցավոք կապը չի պահպանվել: Սա այն ամենն է, ինչ հասել է ինձ...
Դե երեւի արդեն պարզ է, թե ինչու ծնողներս որոշեցին անունս Վան կոչել, իսկ եղբորս անունը՝ Վասպուր: (Վասպուրականը Մեծ Հայքի 8-րդ նահանգն էր Մ.Թ.Ա. 189 - Մ.Թ. 387, գլխավոր քաղաքը՝ Վան): Շատ եմ մտածել այնտեղ գնալու մասին, բայց դեռ հոգեպես պատրաստ չեմ տեսնելու մեր հայրենիքը՝ օտարացված ու ավիրված վիճակում:
Ինչքան էլ, որ Թուրքիայի կարմիր դրոշը ենթագիտակցությանս մեջ ասոցացվում է մեր արյան հետ, փոքրուց սարսուռ եմ զգացել սպիտակ կիսալուսնով ու աստղով կարմիր դրոշի հանդեպ, բայց միեւնույնն է, իմ կարծիքով, դրոշ վառելը, բոլոր թուրքերի մահը ցանկանալը եւ նմանատիպ այլ դրսեւորումներ ավելի շատ սազական են մեր հանդեպ ցեղասպանություն գործածների մտածելակերպին: Այդպիսի քայլեր անելով ավելի վնաս է հասցվում աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին եւ ջուր է լցվում թուրքական քարոզչամեքենայի ջրաղացին:
Օսմանյան կայսրությունը ձախողեց հայերի բնաջնջման իր ծրագիրը, եւ ինչքան էլ փորձեն նենգափոխել պատմությունը, միևնույնն է ամեն հայի հետ ճշմարտությունը կապրի:
Իսկ ցեղասպանությունները դեռ կշարունակեն տեղի ունենալ աշխարհի տարբեր վայրերում քանի դեռ աշխարհը լուռ է եւ կույր է ձեւանում»,- գրել է նա։