«Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ պարետատան պահանջներին համապատասխան՝ այսօր՝ ապրիլի 27-ին, իրականացվեց մարաթոնյան վազք, որը հանդիսանում է «Together We Can» չելենջի մի մասը։ Չելենջն ուղղված է COVID-19-ի դեմ պայքարին՝ աջակցելու առողջապահական համակարգին։ Ծրագրին մասնակցող 10 հայ մարզիկ, ովքեր պատիվ են ունեցել ՀՀ դրոշը ծածանել և հաղթանակ գրանցել աշխարհի տարբեր հարթակներում, «Armenian Army»-ի դրոշներով մասնակցեցին վազքին։ Ցավոք սրտի, հանրության կողմից հաճախ չեն պահպանվում անվտանգության կանոնները, ուստի վազքի ընթացքում պրոֆեսիոնալ մարզիկներն օրինակ ծառայեցին, թե ինչպես դա անել։ Մարզիկները վազեցին «Երևանի 2800-ամյակի» այգուց մինչև Ռազմական ոստիկանություն, այնուհետև հանձնեցին «Armenian Army» դրոշները, մեծ քանակությամբ պաշտպանիչ դիմակներ և ալկոգելեր, որոնք նախատեսված են օգտագործել պահուստային նպատակով։ Այսպիսով, նրանք շնորհակալություն հայտնեցին Ռազմական ոստիկանությանը, որն այս դժվարին ժամանակներում պատվով է կատարում մեր անվտանգության ապահովումը, զինվորների վարակի կանխարգելման աշխատանքը և քաղաքից քաղաք ելքի ու մուտքի հսկողության իրականացումը։