Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը կանխատեսում է արել, որ հոկտեմբերի 6-ին ադրբեջանական կողմի նախաձեռնած հարձակումները վերջինն են լինելու:
«Դեռևս օրեր առաջ ասել եմ, որ կրկնակի հարձակումը կլինի իր հաշվարկներում սխալված բռնապետ Ալիևի վերջին հուսահատ ցանկությունն ապացուցելու իր ժողովրդին, որ ինքը մեծն փարավոն է: Կարծում եմ, որ հայ զինվորները ստիպված կլինեն փոքր-ինչ նահանջել՝ 5-7 կմ դեպի պաշտպանության երկրորդ-երրորդ գիծ: Սակայն հոկտեմբերի 8-ի երեկոյան մոտ ադրբեջանցիները վերջնականապես կհոգնեն, հարձակումները կդադարեն: Այդ ժամանակ հայկական զորամասերը հակագրոհի կգնան և կվերադառնան նախնական գիծ: Հոկտեմբերի 11-12-ն արդեն, կարծում եմ, պատերազմն ամբողջովին կավարտվի և կողմերին հրադադար կպարտադրեն»,- գրել է բլոգերը:
Լապշինը հույս է հայտնել, որ այդ ժամանակ հայ զինվորականները ոչ միայն կվերադառնան սահմանի նախնական գիծ, այլև ռազմավարական կետեր կգրավեն հենց Ադրբեջանի տարածքում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի և Մինգեչաուրի ՀԷԿ-ի մոտակայքում:
Ըստ նրա' Բաքվում արդեն անհեթեթ պարզաբանումներ են պատրաստում սեփական ժողովրդի համար, թե ինչու է Ադրբեջանը պարտվում:
«Կարծում եմ, որ կասեն՝ «հայերի փոխարեն կռվում էր Ռուսաստանը, մեզ դավաճանեցին»: Սակայն Իլհամին դա արդեն չի փրկի: Նրա առանց այդ էլ թույլ իմիջը գնալով թուլանում է:
P.S. որքան էլ տարօրինակ հնչի, բայց Թուրքիայի միջամտությունը հայերին կօգնի հաղթել: Եթե պատերազմ մղվեր Ադրբեջանի հետ դեմ առ դեմ, ապա Եվրոպայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նման աջակցություն չէր լինի: Հայերի հարձակումը կկանգնեցնեին, որպեսզի թույլ տային Ալիեւին պահպանել դեմքը: Սակայն ոչ ոք չի ցանկանում Կովկասում Թուրքիայի ամրապնդում տեսնել: Այդ պատճառով Հայաստանի հաղթանակը ձեռնտու է բոլորին»,- նշում է բլոգերը: