Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 29-ամյա Միրո Ֆալլահի վարած Toyota Land Cruiser մակնիշի 88 RP 080 համարանիշի, 21-ամյա Վաչե Գոգինյանի վարած BMW մակնիշի 50 ԼԼ 100 համարանիշի և Թալին քաղաքի բնակիչ, 41-ամյա Արմեն Գևորգյանի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տուժածներից մեկին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային ու մինչև հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Hyundai-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակով տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում մի քանի երիտասարդներ փորձում էին ճանապարհային ոստիկաններին մոլորեցնել և BMW-ի վարորդ էին ներկայացում մի երիտասարդի, սակայն ոստիկանները չկարողացան ինչպես ժողովուրդն է ասում՝ «կուտն ուտել» , որից հետո BMW-ի իրական վարորդը ներկայացավ, իսկ բախման հետևանքով էլ Hyundai Elantra-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության շենքի մուտքի դիմաց: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Մ. Ֆալլահը աշխատում է «Երևան Էքսպո»-ում՝ որպես համակարգչային մասնագետ, Վ. Գոգինյանը՝ «Ռեան Շին» ՍՊԸ-ում՝ որպես զարգացումների գծով տնօրեն, իսկ Ա. Գևորգյանը՝ «Յանդեքս տաքսի» ծառայութունում: