7-րդ գումարման ԱԺ-ի իշխանական պատգամավորները մեկը մյուսին հերթ չզիջելով հաշվետվություն են ներկայացնում՝ պատգամավոր լինելու ընթացքում իրենց կատարած տիտանական աշխատանքի մասով: Սակայն, ՔՊ-ական պատգամավորները մոռանում են այդ հաշվետվության մեջ զետեղել իրենց թիմի այն ձախողումները, որոնք գրանցվել են միջազգային ամբիոններում՝ ՀՀ և Արցախի շահերը պաշտպանելու ընթացքում:
Օրինակ՝ Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան, ԵՄ-Վրաստան, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպական պատվիրակության ղեկավարի, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով Եվրոպական խորհրդարանի զեկուցողների համատեղ հայտարարությունը մեկ տարի առաջ, որի համաձայն' Հայաստանը փաստացի օկուպանտ երկիր էր համարվել այն պատճառով, որ ցանկանում էր Հայաստան-Արցախ նոր ճանապարհ կառուցել: Պատվիրակության ղեկավարը Ռուբեն Ռուբինյանն էր:
2019 թվականի հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) տարեկան ամառային 28-րդ նստաշրջանին Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկման էր դրվել Ալան Ֆարելի հեղինակած «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում. խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցը: Փաստաթղթում կային հակահայկական ձևակերպումներ: Պատվիրակության ղեկավարը Հայկ Կոնջորյանն էր:
2020 թվականի մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է մի բանաձև, որը, մեղմ ասած, չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից։ «Եվրոպական պառլամենտի հանձնարարականը Խորհրդին, Հանձնաժողովին և Հանձնաժողովի փոխնախագահին/ Գերագույն հանձնակատարին' Արևելյան գործընկերության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գծով 2020 թվականի հունիսյան գագաթնաժողովի կապակցությամբ» բանաձևի նախագծում, մասնավորապես, ասվում է․ «Վերահաստատել ԵՄ հանձնառությունը ԱլԳ երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և քաղաքական անկախությանը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում և սատարել այս սկզբունքները ամբողջապես պարտադրելուն ուղղված նրանց ջանքերին»
2019 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 60 երկրների ղեկավարների ու 158 երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների լարեց ընդդեմ Հայաստանի: Բաքվում տեղի ունեցած Չմիավորման երկրների շարժման 18-րդ գագաթնաժողովի մասնակիցները չորս փաստաթուղթ թին ընդունել: Գագաթնաժողովի մասնակիցները ընդունել են հետևյալ փաստաթղթերը՝ Բաքվի քաղաքական հռչակագիր, Շնորհակալություն և համերաշխություն Ադրբեջանին և ադրբեջանցի ժողովրդին, ինչպես նաև հռչակագիր Պաղեստինի վերաբերյալ: Բաքվի հռչակագրում գագաթնաժողովի մասնակիցները՝ 120 երկրի ներկայացուցիչներ, իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանի՝ «տարածքային ամբողջականությունը վերականգնելու ջանքերին»:
Ամիսներ առաջ էլ պարզ դարձավ, որ որ հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը չի ներառվել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում: Հիշեցնենք՝ նիստի ընթացքում հայ ռազմագերիների վերադարձի անհիմն ձգձգման մասին հրատապ քննարկում կազմակերպելու առաջարկ էր ներկայացվել: Վեհաժողովի պատվիրակների մեծ մասը կողմ է քվեարկել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հարցով հրատապ քննարկում կազմակերպելու մասին առաջարկին:
Որևէ մեկը չի տվել այս և այլ բազմաթիվ ձախողումների պատասխանը: Որևէ մեկը չի զրկվել իր պաշտոնից այն բանի համար, որ գործուղումների վրա ծախսվող հարկատուների գումարները փաստացի փոշիացվել են: Նման ձախողումների պատճառը թերևս հասկանալի է, մինչ ադրբեջանական լոբբինգը օր ու գիշեր աշխատում է միջազգային կառույցներում իր շահերը պաշտպանելու ուղղությամբ, մեր պատվիրակությունների անդամները և ղեկավարները զբաղված են ներքաղաքական ռազբորկաներին իրենց լուման ներդնելով՝ ի դեմս օրը տասնյակներով գրվող ստատուսների…