Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի արձագանքը թուրքական Քյորֆեզում այգու բացմանը' ի պատիվ չեչեն անջատողականների նախկին առաջնորդ, ինքնահռչակ Չեչնիայի Իչկերիայի Հանրապետության առաջին նախագահ Ջոհար Դուդաևի, շատ զգացմունքային է, բայց հասկանալի, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Կրեմլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Երեկ Կադիրովը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ էր արել կա՛մ թափանցիկ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, կա՛մ խոստովանել, որ «ապաստանում է ահաբեկիչներին»:
«Սա շատ, շատ զգացմունքային, բայց հասկանալի արձագանք է Ռուսաստանի տարածաշրջանի ղեկավարի կողմից, որը վերապրել է մի քանի պատերազմներ' հրահրված և սկսված ահաբեկիչների կողմից, ովքեր փորձել են վերահսկողություն հաստատել Ռուսաստանի այս շրջանի վրա: Եվ ահաբեկիչներից մեկը, ով արել է դա, ինչ-որ պահի նրանց առաջնորդն էր՝ Դուդաևը», - ասել է Պեսկովը:
Նա պարզաբանել է, որ թուրքական իշխանությունների՝ այգին Դուդաևի անունով կոչելու որոշումը ցավալի է Չեչնիայի համար։ Խոսնակը հավելել է, որ Մոսկվան արդեն դիվանագիտական ուղիներով հայտնել է Թուրքիայի իր գործընկերներին, որ «մեղմ ասած» հավանություն չի տալիս նման որոշումներին։