Ուկրաինական կողմը հավաստիացրել է, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Թվիթեր»-ի էջի գրառումը պաշտոնական դիրքորոշում չի եղել և տեխնիկական սխալի արդյունք է, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը:
«Խորհրդարանական դիվանագիտության և արտաքին քաղաքական գերատեսչության արագ աշխատանքի շնորհիվ մեծ աղմուկ բարձրացրած Ռադայի թվիթը հեռացվել է: Ստացել ենք հավաստիացումներ, որ թվիթում գրվածը պաշտոնական դիրքորոշում չի եղել և տեխնիկական սխալի արդյունք է»,- գրել է Հակոբյանը:
Հակոբյանը հույս է հայտնել, որ ապագայում նման թյուրիմացություններ տեղի չեն ունենա:
Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը հրապարակել էր Արցախի Հանրապետության Փառուխ գյուղ ադրբեջանական զորքերի ներխուժման հետ կապված գրառում: Գերագույն Ռադան նախ հրապարակել էր «Новини Збройних сил» տելեգրամյան ալիքի չճշտված տեղեկությունը, թե, իբր, «Ադրբեջանի զինուժը հարձակման է անցել Ղարաբաղում' օգտվելով Ռուսաստանի կողմից զինվորներին Ուկրաինա տեղափոխելու հանգամանքից», այնուհետև վերաշարադրել այդ հրապարակումը: Բացի այդ, Գերագույն Ռադան օգտագործել էր էմոջի' դրանով իսկ, կարծես, ողջունելով Ադրբեջանի կողմից Արցախում հայերի էթնիկ զտումները: Ավելի ուշ, Գերագույն Ռադան այդ գրառումը հեռացրել է: