Ռուսական բանակը Զապորոժիեում «Կալիբր»-ով ոչնչացրել է ուկրաինական զորքերին ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից մատակարարված օտարերկրյա զենքի և զինամթերքի մեծ խմբաքանակով զինապահեստները։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Զապորոժիեի ալյումինի գործարանի տարածքում բարձր ճշգրտությամբ ծովային հեռահար հրթիռները «Կալիբր»֊ով ոչնչացրել են օտարերկրյա զենքի և զինամթերքի մեծ խմբաքանակով զինապահեստներ, որը մատակարարվել է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից», - ասել է Կոնաշենկովը:
«Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ուկրաինական 18 անօդաչու թռչող սարքեր են խոցել Ալեքսանդրովկա, Բալակլեյա, Բրյանկա, Զապորոժիե, Իզյում, Կապիտոլովկա, Պերեմոգա, Պետրովկա, Պոպասնոյե, Պրոլետարսկոյե, Տրուդոլյուբովկա բնակավայրերի տարածքներում, այդ թվում՝ երկու «Բայրաքթար-ՏԲ2»,- հավելել է գեներալ-մայորը։ Կոնաշենկովի խոսքով՝ խոցվել է նաև ուկրաինական մարտավարական «Տոչկա-Ու» հրթիռ։
Կոնաշենկովը հայտնել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան գիշերը հարվածել է Ուկրաինայի 59 ռազմական օբյեկտներին։ «Դրանց թվում՝ կենդանի ուժի և ուկրաինական ռազմական տեխնիկայի կենտրոնացվածության 50 տարածք, զենքի և զինամթերքի չորս պահեստ Չերվոնոե, Դոլգենկիե, Պաշկովո և Վեսելոե բնակավայրերի տարածքներում, ինչպես նաև Սլավյանսկի շրջանի «Բուկ-Մ1» հակաօդային պաշտպանության համակարգը։ Նրա խոսքով՝ հարվածների արդյունքում՝ ոչնչացվել են ավելի քան 120 ազգայնականներ և 35 զրահամեքենաներ և տեխնիկա։