Այն փաստը, որ հեղափոխության օրերին ՔՊ-ականները խոստանում էին քաղաքական պատասխանատվության մշակույթը նոր մակարդակի բարձրացնել, չի խանգարում նրանց իրենց աշխատանքի ընթացքում արձանագրված այս կամ այն ձախողման գլխավոր պատասխանատու և մեղավորներ կարգել, անշուշտ, ոչ իրենց, այլ այս կամ այն երևույթը, իրավիճակը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՔՊ-ական պաշտոնյաների ամենաուշագրավ «կռուտիտները»:
Դիցուք՝ ամիսներ առաջ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարեց, որ Հաշվեքննիչ պալատի կողմից իր կառույցում հայտնաբերած խախտումները, իհարկե, իրականությանը համապատասխանում են, սակայն մեղավորը ոչ թե ինքն է, այլ պատերազմը և քովիդը:
Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտարարեց, որ ջրառի խնդիր ենք ունենալու և չբացառեց, որ նորից դիմելու են ԱԺ՝ Սևանից հավելյալ ջուր վերցնելու նպատակով: Միևնույն ժամանակ Տերտերյանը չնշեց, թե ի վերջո ով է մեղավոր և ով է թերացել նրանում, որ Հայաստանի ջրամբարները թերի են լցվել նախորդ տարի: Երևի, այս դեպքում էլ գլխավոր մեղավորն անձրևների սակավությունն էր:
Ամիսներ շարունակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստանում էր հայկական կողմի գնված լաստանավերի գործարկումը: Խոստումներով հանրությանը կերակրող պաշտոնյան շաբաթներ առաջ էլ հայտարարեց, որ լաստանավերը ձեռք բերվել են, մնացել է միայն Վրաստանում Փոթիի օպերատոր հանդիսացող հոլանդական APM ընկերության թույլտվությունը, որին իրենք րոպե առ րոպե սպասում են։ Մինչ օրս նրանցից որևէ նորություն չկա: Վերջերս Քերոբյանն այցելել էր Գյումրի և այնտեղ նրա ներկայացրած ծրագիրը «Դիստրիկտ» էկո թաղամաս կառուցելու, մյուսը՝ «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ հիմնելու մասին էր, որի հեղինակը ՀՀ կառավարությունն է։ Ի դեպ, գյումրեցիները տևական ժամանակ է՝ լսում են Վահան Քերոբյանի այս ծրագրի մասին, երբեմն ժպտում, ինչպես ժպտում էին ու հումոր անում Գյումրիում թռչող տրամվայի (Սքայ Գյումրի) ծրագիրը քննարկելիս։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարում է, որ իրեն ՊՆ-ն չի զեկուցում, թե սահմանագծման և սահմանազատման ինչ գործողություններ են կատարվում Սյունիքում: Ասել է թե՝ Սյունիքից անգամ եթե որոշ տարածք պակասի, մեղավորը ինքը չէ, այլ ՊՆ-ն: Իսկ թե ինքը որպես մարզպետ ինչ է արել, որպեսզի հասկանա սահմանային իրավիճակը և հարկ եղած դեպքում նաև կարծիք արտահայտի կամ գնահատական հնչեցնի, հայտնի չէ:
Ընդամենն ամիսներ առաջ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր` «Թուրքիայի նախագահն օգտագործել է «միջանցքներ» տերմինը։ Ոչ թե եզակի, այլ հոգնակի՝ «միջանցքներ»։ Իսկ երբ ասվում է՝ «միջանցքներ», մենք հասկանում ենք մի քանի ճանապարհներ։ Դա մեր տրամաբանությանը շատ մոտիկ է։ Եվ եթե հնարավորություն լինի քննարկելու, երկխոսության հնարավորություն լինի, ապա, կարծում եմ, մենք լուծումներ կգտնենք։ Այսինքն` «միջանցքներ» մենք հասկանում ենք այսպես` Հայաստանում մի քանի ճանապարհներն օգտագործել»: Այսինքն՝ Գրիգորյանը չի հերքում, որ միջանցքներ և ճանապարհներ կարող են բացվել: Բառացիորեն շաբաթներ առաջ էլ Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց: Դիցուք՝ շաբաթներ առաջ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ մինչև այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել:
Բոլորի հիշողության մեջ դեռ վառ է, թե ինչպես էր Գարիկ Սարգսյանը հանրությանը, ողջ Արարատի մարզի բնակչությանը, խոստանում մարզում կոկորդիլոսաբուծարան հիմնել։ Այնուհետև ամիսներ անց պարզ դարձավ, որ որևէ կոկորդիլոսաբուծարան մարզում չի հիմնվելու և նման գաղափարը ջրվեց հենց իր՝ Սարգսյանի կողմից:
Նախորդ տարվա հուլիսի 12-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, ուր քննվում էր Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին անփութորեն թափված պարկերով զոհված զինծառայողների դիակների ու մասունքների սահմռկեցուցիչ փաստի առթիվ հարուցված քրեական գործը, այդ գործով դատախազը՝ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ որևէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չի եղել դիերի, մասունքների պահպանության կարգը, պահման պայմանները: Բարձրացված աղմուկից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին, տվել բացատրություններ այդ անմարդկային անտարբերության վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո բազմիցս հայտարարել է, որ ՀՀ դաշնակիցները չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները և թեև ունեն զենքի մատակարարման մասով կնքված պայմանագրեր՝ չեն կատարում դրանք: Այն բանից հետո, երբ ռուսական կողմը հասկանալով, թե ում է ուղղված մեղադրանքը՝ հերքեց Փաշինյանի պնդումները, վերջինս ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինքը ՌԴ–ի անունը չի տվել:
Թեև պատգամավոր Հայկ Ղալումյանի եղբայրը՝ Վահե Ղալումյանը, պնդում էր, որ Տավուշի մարզից որոշ գյուղեր են հանձնվելու Ադրբեջանին, նրա եղբայրը՝ մարզպետ Ղալումյանը, չի ցանկանում մեկնաբանել այդ հարցը։