Հեղափոխության օրերին շարքային քաղաքացիներն իրենց անձնական ավտոմեքենաներով ակտիվորեն մասնակցում էին Փաշինյանին իշխանության բերելու գործընթացին, նրանք հավատում էին, որ հեղափոխության հաղթանակի դեպքում բազմաթիվ խնդիրներ են լուծվելու և նրանք այլևս չեն լինելու այսպես կոչված՝ տուգանքի մատերիալ:
Խնդիրներն սկսվեցին 2019-ին: Նախ՝ վարորդները սկսեցին դժգոհել, որ բնական սեղմված գազով լիցքավորելու համար հիմա ավելի շատ են վճարում, քան օրեր առաջ։ Այնուհետև թանկացումներ սկսեցին արձանագրվել հեղուկ գազի շուկայում։
Ընդդիմադիր պատգամավոր եղած ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը բուռն պայքար էր մղում արագաչափերի և տեսախցիկների, նաև կարմիր գծերի դեմ: Խորհրդարանի ամբիոնից 2015թ․ դեկտեմբերի 21-ին ունեցած ելույթի ժամանակ նա հայտարարում էր. «Մենք վերջերս ՔՊ կուսակցությունում քննարկել ենք հարցը և եկել միանշանակ եզրակացության, մեր կուսակցության դիրքորոշումն է, որ արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից, և այս հարցը մենք դնելու ենք մեր կուսակցության ծրագրային և այդ թվում՝ նախընտրական ծրագրերի հիմքում»։ Արագաչափերը հանելու վերաբերյալ պահանջը կրկնում է մի քանի վայրկյան անց։
Իսկ 2018թ․ ապրիլին՝ Շիրակի մարզից սկսած քայլարշավի ժամանակ, ճանապարհներին նա փակում էր տեսախցիկները, ողջույններ ուղարկում Ալեքսանդր Սարգսյանին: Վարչապետի պաշտոնում արդեն՝ կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ խնդրին՝ ասելով, թե պետք է դիտարկել տուգանքի ռեժիմն ու ընդհանրապես տեսախցիկների գործունեության դադարեցումը: Սակայն Երևանում տեսախցիկները գնալով ավելանում են: Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, պայքար է մղում կարմիր գծերի դեմ և ավելացվել են դրույքաչափերը: Ըստ այդմ, տարածքից ելնելով՝ ավտոկայանատեղի վճարը կկազմի 24.000-ից 160.000 դրամ:
Այնուհետև վարորդների կյանքն էլ ավելի դժվարացնելու համար ներդրվեց բալային համակարգը, արդյունքում վարորդները դարձան սովորական տուգանքի մատերիալ, ասել թե՝ համակարգի ներդրումից հետո պակասել են ճանապարհային պատահարները՝ մեղմ ասած սխալ կլինի, դրանք գնալով ավելանում են:
ՔՊ-ականները ևս մեկ տուգանք մոգոնեցին: Այսպես, 2021 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանում առանց կատալիզատորի ավտոմեքենա շահագործելու համար քաղաքացին տուգանվում է 300 հազար դրամի չափով։
2022-ի թվականից կրկին հեղափոխական իշխանության թեթև ձեռքով թանկացավ նաև ԱՊՊԱ-ն: Բազային սակագինը մինչ այդ գործող 18.7 հազար դրամի փոխարեն դարձել է 21.7 հազար դրամ։