ԱՄՆ-ի Օքլահոմա նահանգում տորնադոյի հետևանքով զոհերի թիվը հասել է 91-ի. հայտնում է Agence France-Presse-ը:
Զոհվածներից 20-ը երեխաներ են: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ տորնադոյի հարվածի տակ է հայտնվել Մուր քաղաքի տարրական դպրոցը: Ականատեսների վկայությամբ՝ շենքն ամբողջովին հողին է հավասարվել:
Տուժածների թիվն այս պահի դրությամբ կազմում է 233 մարդ, որոնցից 10-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տեղի ունեցածը աղետ է որակել և կոչ է արել տեղական իշխանություններին աջակցել աղետի հետևանքները վերացնելու գործին: Նման աջակցությունն իր մեջ ներառում է ժամանակավոր կացարանների կառուցում, ավերված տների վերանորոգում և փոխհատուցման վճարում կորցրած գույքի դիմաց: