Lragir.am. Ավանի հոգեբուժարանում հարկադիր բուժման ենթարկված Ամալյա Նազարեթյանի պատմությունը արագ տարածվեց հայկական մամուլում, և մի խումբ քաղաքացիներ «Facebook»-ում ստեղծեցին «Իդեալ»-ը եւ «Կոմիտաս» սրճարանը բոյկոտողների խումբ՝ իրենց վրա վերցնելով նաև Ամալյա Նազարեթյանին հարկադիր բուժումից ազատելու գործը, ինչն էլ օրեր առաջ այս խմբի ջանքերի շնորհիվ տեղի ունեցավ: Այս թեմայով մեր զրուցակիցն է նախաձեռնող խմբի անդամ, գրող Արփի Ոսկանյանը:
Ամալյա Նազարեթյանի հետ կատարվածն արդյոք բացառիկ դեպք էր, կարծես դեռ չէր եղել, որ առողջ մարդուն ինչ-ինչ նպատակներով տանեն հոգեբուժարան:
Հոգեբուժարանը որպես հաշվեհարդարի ձև և պատժի գործիք կիրառում էր Խորհրդային իշխանությունը՝ հիմնականում այլախոհ մտավորականների նկատմամբ։ Անկախ Հայաստանի պատմության մեջ էլ են եղել մեկ-երկու դեպք, սակայն կապված քաղաքական ընդդիմախոսների, ակտիվիստների հետ։ Ամալյա Նազարեթյանի դեպքը բացառիկ էր նրանով, որ նա քաղաքական ու քաղաքացիական շարժումների մասնակից չէ, նրա հանդեպ իրականցված հետապնդումը քաղաքական բնույթի չէ, սակայն իրագործվում է քաղաքականության շնորհիվ ձեռք բերված ազդեցության լծակների կիրառմամբ։ ԱԺ պատգամավորը և նրա եղբայրը հաշվեհարդար են տեսնում մի ծեր կնոջ հետ, ով հանդգնել է ասել՝ աչքիդ վերևը ունք կա: Այսինքն՝ դա կարող էր պատահել ցանկացած մարդու հետ՝ անկախ իր քաղաքական հայացքներից ու քաղաքացիական դիրքորոշումից։ Ընդհանրապես, առողջության և հիվանդության սահմանումները հեղհեղուկ են, փոփոխական։ Ֆուկոն ասում է, որ մինչև 18-րդ դարը հոգեկան հիվանդություններ չեն եղել, դրանք սահմանված չեն եղել որպես հոգեկան հիվանդություն, և հոգեբուժությունը, ինչպես նաև հոգեբուժարանը կապում է Ֆրանսիական բուրժուական հեղափոխության և պետության ֆունկցիաների որոշակիացման հետ, մասնավորապես հսկման ու պատժելու ֆունկցիայի։ Այսինքն՝ հոգեբուժության հիմքում ինքնին դրված է այդ վտանգը։ Այն կարծես ոչ այնքան մարդուն օգնելու համար է ստեղծված, որքան նրան պետության հսկողության տակ պահելու, հասարակությունից նրա օտարվածությունը ավելի խորացնելու համար։
Մի խումբ քաղաքացիներ, իրենց վրա վերցրին պետության պարտականությունները, կարող ենք ասել, որ մեր պետությունն ի վիճակի չէ պաշտպանել առանձին մի առողջ անհատի' հոգեբուժարանում հայտնվելու վտանգից:
Ոչ միայն ի վիճակի չէ, այլ տվյալ դեպքում հենց ինքը կամ պետությունը գրաված իշխանություններն են հանդես գալիս առողջ մարդուն հոգեբուժարան ուղարկողի դերում։ Երևանի փողոցները լի են մարդկանցով, որոնց հոգեկան շեղումները ակնառու են ֆիզիկական մակարդակում, նրանք մեծ մասամբ նաև անօթևան են, Աստված գիտի՝ ինչպես են սնունդ հայթայթում, այսինքն՝ զուտ պրագմատիկ տեսանկյունից եթե նրանց ժամանակ առ ժամանակ տանեին հոգեբուժարան, գոնե մի կարճ ժամանակով կլուծվեր նրանց սննդի և օթևանի հարցը, դեղորայքային բուժում կստանային և այլն։ Բայց պետությունը նրանցով չի հետաքրքրվում, մինչդեռ Ամալյա Նազարեթյանին արժանացրել է ուշադրության։ Ինչո՞ւ։ Կարող են ասել, թե նրանք վտանգ չեն ներկայացնում շրջապատի համար, իսկ այս կինը ներկայացնում է, ինպես և ասաց հոգեբուժարանի տնօրենը։ Ի՞նչ վտանգ է դա։ Ո՞րն է նրա ախտորոշումը։ Նա հաշվի չի առել, որ թշնամին ունի փող և իշխանություն, իսկ ինքը միայնակ կին է։ Վերջ, նա նորմայից դուրս է, և նրա խոսքը զառանցանք է, պետք չէ այն լսել, հավատալ և իզուր ցնորվել։ Նորմայի մեջ են նրանք, ովքեր հաշվի են նստում փողի և իշխանության հետ և ընդունում, որ դրանցով օժտված մարդիկ կարող են ունենալ անսահման ազատություն իրենց ազատության, իրենց կենսատարածքի հաշվին։ Այս ուղերձն էր հղում մեր պետությունը իր քաղաքացիներին՝ թոշակառու մանկավարժին ծերանոց գցելով։
Ամալյա Նազարեթյանի դեպքում ևս կարծես գործեց «սիրուն չի» տարբերակը. բարձրացավ աղմուկ և նրան դուրս գրեցին հոգեբուժարանից, այնինչ տրվել էր եզրակացություն, ըստ որի'նա ենթակա է բուժման:
Ոչ միայն նման եզրակացություն կա, այլ նաև նշված էր, որ դուրս գրվելուց հետո նա պետք է լինի բժիշկների հսկողության տակ: Ճիշտ է՝ էդպես էլ չիմացանք, թե հատկապես ինչ հոգեկան հիվանդություն ախտորոշեցին տիկին Ամալյայի մոտ։ Մինչև դուրս գրման որոշումը հոգեբուժարանի տնօրենը սպառնում էր, թե նա վտանգավոր է շրջապատի համար։ Եվս մի հեղհեղուկ ձևակերպում, որի տակ շատ բան կարելի է պատկերացնել։ Երբ մենք բողոքով գնացինք ՙՙԿոմիտասՙ սրճարան, որի աշխատողների ստորագրությամբ էր Ամալյա Նազարեթյանը տեղափոխվել հոգեբուժարան, տեսանք սեղաններով ու մեծ հովանոցներով գրավված այգի, տեսանք, թե ինչպես սրճարանի տերը՝ Անդրանիկը, որ Արմեն Մխիթարյանի եղբայրն է, արդեն գրավել է նաև մայթը, մի քանի սեղան ու ցանկապատ դրել։ Ամալյայի հետ վերջին բախումը հենց դրա առիթով էր եղել։ Կինն ասել էր՝ ինչո՞ւ ես խլում իմ տարածքը։ Հիմա ո՞վ է վտանգավոր հասարակության համար՝ պատգամավորն ու իր եղբա՞յրը, որ զավթել են այգին, մայթը, ՙԻդեալՙ խանութի դիմացի հատվածում՝ մայթի կեսից ավելին, այսինքն՝ այդ հանրության տարածքները, ու կարող են իրենց ապօրինությունների դեմ խոսող մարդկանց հոգեբուժարան գցել, թե՞ Ամալյա Նազարեթյանը։ Հոգեբուժարանի տնօրենն ու գլխավոր բժի՞շկը, որոնք առողջ մարդուն՝ այդ հասարակության անդամին պատրաստ են պատժել ծեծով ու դեղորայքով փողի կամ իրենց աշխատատեղը չկորցնելու համար, դատավո՞րը, որը ափալ-թափալ հարկադիր բուժման վճիռ է կայացնում օրենքի խախտումով, թե՞ Ամալյա Նազարեթյանը։ Նրանք, ովքեր իրականում վտանգ են ներկայացնում հանրության համար, այդ մեղադրանքով մեկուսացնում են այն անձանց, ովքեր պայքարում են իրենց դեմ: Հիվանդությունը դարձել է նորմա, իսկ առողջությունն ըկալվում է որպես հիվանդություն:
Իհարկե, որպեսզի սա չդառնա նախադեպ, այս պատմությունը պիտի շարունակություն ունենա։ Պիտի այդ ոստիկանություն- հոգեբուժարան-դատարան հանցագործ շղթայի բոլոր օղակները պատասխան տան, պատժվեն։ Եթե իշխանությունները ժողովրդի կողմից ընտրված լինեին և մտահոգված իրենց հեղինակությամբ, նման բան եթե տեղի էլ ունենար, հիմա ՀՀԿ-ն Արմեն Մխիթարյանին պիտի զրկեր մանդատից։
Հիմա մեր խումբը սպասում է Ամալյա Նազարեթյանի որոշմանը։ Առանց իր ցանկության ու օգնության մենք չենք կարող իր դատը առաջ տանել։ Ըստ իս այսպես թողնել չի կարելի։
Ամալյայի դեպքը ու այլ լոկալ պայքարի օջախները ի՞նչ են տալիս մեզ, խնդիրների աղբյուրը շարունակում է մնալ:
Հինգ տարի տևած քաղաքական բուռն պայքարից հետո, որը ոչ այնքան խնդիրներն էր կարևորում, որքան աղբյուրը, սակայն աղբյուրը չկարողացավ վերացնել, իսկ խնդիրներն ավելի խորացան ու շատացան, ես ավելի հակվել եմ քաղաքացիական պայքարի արդյունավետության մտքին։ Եթե մենք, ի մի գալով հրապարակում, չկարողացանք որևէ բան փոխել, ուրեմն ամեն մեկս պիտի սկսի իր բակից, իր հարևանների խնդիրներից, երբեմն նույնիսկ կենցաղային խնդիրներից։ Չմոռանալով աղբյուրը, բայցև չկենտրոնանալով հիմնականում դրա վրա։ Առավել ևս, որ քաղաքական պայքարն էլ է այսօր շատ տրոհված ու լոկալ օջախներ են միայն մնացել։ Այսօր էլեկտրոնային լրատվամիջոցները հեղեղված են քննադատությամբ իշխանությունների և Սերժ Սարգսյանի հասցեին, բայց էդ տեքստերը ոչինչ չեն փոխում, ինչպես չփոխեցին ճառերը։ Հակառակը՝ դրանք ժողովրդավարության ու խոսքի ազատության պատրանք են ստեղծում։ Վաղուց ժամանակն է անցնել գործի։ Եվ թող էդ գործը փոքր ու ՙՙաննշանՙ մի գործ լինի, ասենք՝ պայքար մի սպանված զինվորի սպանությունը բացահայտելու համար, մի փոքրիկ կրպակի տեր քաղաքացու ոտնահարված իրավունքի համար, նույնիսկ էլ ավելի աննշան թվացող խնդրի։ Ի վերջո ամենակարևորը մարդն է:
Գրողների մոտ, հաճախ, նկատվում է, որ նրանք, կարծես, իրենց աշխարհն են ստեղծում, և երբեմն միայն այնտեղից ուղերձներ են հղում'իրենց ստեղծագործությունների տեսքով, Ձեր դեպքում նման բան չի նկատվում:
Հիմնականում կարծրատիպերն են գործում։ Կոնկրետ՝ գրականության սուվերենության կարծրատիպը, որ ձևավորվեց դեռ խորհրդային տարիներին որպես հակադրություն սոցռեալիզմին, որը գրականությունը և արվեստը ծառայեցնում էր պետական պրոպագանդային։ 90-ականների գրողները մեծ մասամբ առաջնորդվում են այդ կարծրատիպով, այսինքն դեռևս իներցիայով շարունակում են հակադրվել սոցռեալիզմին, դեմ են գրականության քաղաքականացմանը և սոցիալականացմանը: Նույնիսկ էդ ուղերձները, որ հղում են մեզ իրենց գրականությամբ, խնամքով թաքցրած ու մշուշապատված են լինում ոճավորման պրիոմներով։ Դա ժամանակը չզգալու հետևանքն է։ Սակայն բոլորն են զգում նոր տեքստի անհարժեշտությունը։ Կարծում եմ՝ մենք կարողացանք դա ձևակերպել ՙԳրողուցավՙ կայքով և մի խումբ գրողներով՝ հայտարարելով, որ եկել է իրականության համար պատասխանատու գրականության ժամանակը։
Արտակ Համբարձումյան
Լուսանկարները՝ Գագիկ Աղբալյանի