Բաքվում Պուտինի եւ Ալիեւի հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հասցեին հնչած վիրավորանքը քաղաքական կատեգորիա է դառնում: Բացի այն, որ այդ բառը փչացրել է Պուտին Ադրբեջանի այցի մթնոլորտը, վիրավորական բառը սպառնում է նաեւ երկու երկրների հարաբերությունների վատթարացման պատճառ դառնալ: Այցից հետո ռուս քաղաքական գործիչները Բաքվի մասին ոչ մի լավ բան չեն ասել, ավելին, կարելի է սպասել, որ երկու երկրների, ավելի ճիշտ, ղեկավարությունների հարաբերություններն ավելի կսառեն, քան Գաբալայի ՌՏԿ-ի վարձավճարի բարձրացումից հետո: Գրում է Lragir.am-ը:
Ռուսաստանը հերթական հարվածն է ստացել: Սկզբում Բարաք Օբաման հայտարարել է, որ կմասնակցի Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք G8-ի գագաթնաժողվին, սակայն անձամբ չի հանդիպի Պուտինին: Հետո Սոչիի Օլիմպիադան բոյկոտելու կոչեր հնչեցին, ինչը Պուտինի համար կարող է լուրջ հարված դառնալ: Դրանից հետո էլ Բաքվում նախագահի ներկայությամբ «ուղարկում են» ԱԳ նախարարին եւ անգամ պաշտոնական ներողություն չի հնչում: Ավելին, շշուկներ են տարածվում Լավրովի հայկական արմատների մասին:
Այդ ֆոնին Սերժ Սարգսյանը հանկարծ հայտարարում է, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնում կցանկանար տեսնել Իլհամ Ալիեւին: Արդեն տարբեր վարկածներ են հնչում ընդհուպ մինչեւ այն, որ Սարգսյանը փորձում է «հավանություն» հայտնել Ալիեւին Պուտինին եւ Լավրովին նման ընդունելություն ցույց տալու համար:
Սակայն, ըստ ամենայնի, այլ պատճառներ էլ կան: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի իշխանությունները նախագահի թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովին «մեղադրում են» հայերի կողմից աջակցություն ստանալու մեջ: Հայտարարելով Իլհամ Ալիեւի նախընտրելի լինելու մասին՝ Սերժ Սարգսյանը բացահայտ «աջակցում է» նրան: Ճիշտ է, դա մի փոքր պրիմիտիվ քայլ է եւ հազիվ թե անդրադառնա ադրբեջանական հանրության տրամադրությունների վրա:
Սերժ Սարգսյանը փորձում է խաղալ այն հայաֆոբության վրա, որը Ալիեւն ակտիվորեն սերմանում է իր երկրում: Նա ցանկանում է ցույց տալ նման քաղաքականության անհեռանկար ու նույնիսկ անհեթեթ լինելը առավել եւս տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների ֆոնին: Հայ-ադրբեջանական համաձայնագիրն անխուսափելի է դառնում, եւ Հայաստանը փորձում է Ադրբեջանին դուրս քաշել անզիջողականության փոսից:
Մյուս կողմից, Ալիեւն իրոք Հայաստանի դաշնակիցն է: Հենց նրա «անզիջում» քաղաքականության արդյունքում տարածաշրջանում պահպանվում է Հայաստանի համար ձեռնտու ստատուս-քվոն: Հենց Լավրովի հասցեին այդ «անզիջողականությունը» թույլ չի տվել ռուս-ադրբեջանական հակահայկական բլոկի կայացումը: Այդ առումով Ալիեւն իրոք Հայաստանի համար ամենաձեռնտու Ադրբեջանի նախագահն է:
Նաիրա Հայրումյան