Lragir.am - Լիսկայի որդին կրակել է հոր անվամբ գրանցված զենքից
Օրեր առաջ. հունիսի մեկին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մերձակայքում տեղի ունեցած արյունալի միջադեպի հետևանքով սպանված Ավետիք Բուդաղյանի և հրազենային վիրավորումից ծանր մարմնական վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը բաց նամակով դիմել էր Սերժ Սարգսյանին՝ խնդրելով իր հսկողության տակ վերցնել այս գործով վերականգնել աղավաղված արդարությունը:
Նամակում Էմիլ Բուդաղյանը, մասնավորապես, հարց է բարձրացրնում, թե ինչու մինչև այժմ մեղադրանք չի առաջադրվում նախկին մարզպետին՝ որպես հիմնավորում բերելով առնվազն երկու հանգամանք: Բաց նամակում Էմիլ Բուդաղյանի առաջ քաշած այս հարցը հաստատում է նաև նրանց ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը
«Եթե Սուրիկ Խաչատրյանի կողմից կրակած լինել, չլինելու հանգամանքը նախաքննական մարմնի կողմից ներկայացվում է որպես չհաստատված մի փաստ, ապա գոնե երկու մեղադրանք կա, որոնք հենց հիմա կարող էին ու պիտի առաջադրվեին Սուրիկ Խաչատրյանին. Նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը կրակել է Սուրիկ Խաչատրյանի անվամբ գրանցված զենքից», -երկու օր առաջ հրավիրած ասուլիսում հայտարարեց փաստաբանը՝ պնդելով, որ այս դեպքում խախտվել է ՀՀ Քր. Օր-ի 239 հոդվածը:
Հայկ Ալումյանը պնդում է նաև նախկին մարզպետի տանից հայտնաբերված ինքնաշեն զենքի առկայության փաստը, որը նույնպես լիարժեք հիմք է մեղադրանք առաջադրելու համար: Մեր այն դիտարկմանը, թե ՀՀ Զինդատախազի տեղակալ Արտակ Հարությունյանը երեկ Առավոտ թերթում հերքել է ինքնաշեն զենքի հայտնաբերման փաստը, փաստաբան Ալումյանը կարճ պատասխանեց. «Ճիշտ չի ասում»:
«Թողած գործի էությունը, թողած նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների, նրա թիկնապահի սադրանքը, այնուհետև սպանությունը, զինդատախազությունը և քննչական մարմինը ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է երկրորդական հարցերի վրա, այդ թվում՝ անընդհատ քննարկվում է Արտակ Բուդաղյանի անունը, կարծեք թե հիմնական խնդիրը այս ամեն ինչի մեջ Բուդաղյանի գործողություններն են»,- ասում է Ալումյանը:
Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել նաև այդ օրը մահացած Ավետիք Բուդաղյանի եղբայր, Ասկերանի զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանի նկատմամբ այն բանի համար, որ սպանության սպառնալիքներ է արել Սուրիկ Խաչատրյանի ու նրա հարազատների հասցեին:
Արձագանքելով զինդատախազության հայտարարություններին, այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում, էմիլ Բուդաղյանը իր խոսքը հղելով զինդատախազին' պահանջել է անհապաղ մեղադրանք առաջադրել եւ կալանավորել Սյունիքի նախկին մարզպետին:
«Լիսկային պետք է մեղադրանք առաջադրել եւ կալանավորել առնվազն երեք գործողությունների համար: Դրա համար հստակ հիմքեր կան՝ երեք հիմքեր: Դրանք են՝ առաջինը, որ մեքենայում խփել են Ավոյին, մարդ են սպանել, երկրորդ՝ իրա զենքը ի՞նչ գործ ունի ուրիշի մոտ, եթե իրա զենքն է, ի՞նչ իրավունքով է տալիս ուրիշի, ինչի՞ է ուրիշը գործածում: Եւ երրորդ՝ ինքնաշեն զենքի մասով: Ինքնաշեն զենքը ո՞նց կարա օրինականացնի: Նման բան չի կարող լինել: Հիմա զինդատախազությունը հայտարարել է, որ ինքնաշեն զենք չկա, բայց մենք նախաքննության ընթացքում՝քննիչի հետ խոսելու ժամանակ ենք ծանոթացել այդ փաստին, որ ինքնաշեն զենք են գործածել»,-հայտարարել է Էմիլ Բուդաղյանը:
Միաժամանակ, այսօր հայտարարություններ է արել նախկին մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի պաշտպան, փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:
«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մեղադրյալ չէ ու չի լինելու, սա վերջնականապես իմացեք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Փաստաբանների պալատի նախագահը՝ ընդգծելով, որ թեև չի ներկայացնում Սուրիկ Խաչատրյանի շահերը, սակայն «Սուրիկ Խաչատրյանը պաշտպանության կարիք չունի»:
Հիշեցնենք, որ Գորիսում հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նախկին մարզպետի որդին' Տիգրան Խաչատրյանը ու թիկնապահը' Զարզանդ Նիկողոսյանը մեղադրվում են շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար: Նրանք կալանավորվել էին դեպքից հետո և պահվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: 

Ժաննա Ալեքսանյան, jfhr.am