Panorama.am «Մենք՝ որպես Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի այս տարվա կազմակերպիչ, շատ էինք ցանկանում, որ հայաստանյան պատվիրակությունը հավուր պատշաճի ներկայանա խաղերին: Գոհունակությամբ արձանագրում եմ, որ հայաստանյան պատվիրակությունը երեք ոսկե մեդալի արժանացավ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ խոսելով սեպտեմբերի 7-15-ը Ֆրանսիայի Նիս քաղաքում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ մարզամշակութային խաղերի մասին:

Նշենք, որ հայաստանյան պատվիրակությունը բաղկացած է եղել 47 հոգուց, որից 34-ը եղել են մարզական ու մշակութային ոլորտների ներկայացուցիչներ: Հայաստանյան պատվիրակությունը ղեկավել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, աշխարհի ու օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանը: Սա Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերին երկրորդ մասնակցությունն է: «Մեզ համար կարևոր էր հայաստանյան պատվիրակության մասնակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2012 թվականի աշնանից Հայաստանին Ֆրանկոֆոնիայի կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ է շնորհվել»,- ասաց դեսպանը: Ա. Ռենոն նշեց, որ կարևոր են ինչպես նվաճված մեդալները, այնպես էլ հենց մասնակցությունը:

Մեր մարզիկները մրցել են 7 մարզաձևերից 5-ում՝ ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, հեծանվային սպորտ, սեղանի թենիս և ատլետիկա: Ազատ ոճի ըմբշամարտի մեր հավաքականը նվաճելով 3 ոսկի և 1 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկով գրավել է 2-րդ տեղը: Մշակութային ոլորտը ներկայաղնող գրականագետ Շուշանիկ Թամրազյանը, լուսանկարիչ Փիրուզա Խալափյանը արժանացել են հատուկ մրցանակների:

Ասուլիսին ներկա մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն իր խոսքում նշեց, որ խաղերին մասնակցել է 56 երկիր, Հայաստանը զբաղեցրել է 12-րդ տեղը, ինչը բավականին լուրջ արդյունք է: «Ընդհանուր առմամբ, Հայաստանը լուրջ արդյունք արձանագրեց երկրորդ մասնակցության համար»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ Հայաստանի պատվիրակությանն առանցնացրել են՝ որպես ամենաակտիվ, լավ կազմակերպված:

Իսկ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն էլ հանդես եկավ առաջարկությամբ. «Ավելացնել մարզաձևերը: Ֆրանոֆոնիայի խաղերը կարելի է անվանել մինի օլիմպիական խաղեր, գոնե 14 մարզաձև պետք է լինի, ավելի հետաքրքիր կլինի»: Դեսպան Անրի Ռենոն ի պատասխան նախարարի առաջարկի ասաց. «Բավականին հավակնոտ առաջարկություն արեցիք»:

Մանրամասներն` այստեղ: