Twitter միկրոբլոգների ծառայության բաժնետոմսերի արժեքը Նյու Յորքի բորսայում կայացած սակարկությունների արդյունքում ընկել Է 17,9 տոկոսով՝ մեկ արժեթղթի դիմաց մինչեւ 6,43 դոլար: Ընկերության կապիտալիզացիան նվազել Է 6,4 մլրդ դոլարով: Արժեթղթերի սպառավաճառքն սկսվել Է անցյալ տարվա չորրորդ եռամսյակի եւ ամբողջ 2013 թվականի վերաբերյալ ֆինանսական հաշվետվության հրապարակումից հետո, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ծառայությունը վնասով Է աշխատում (չորրորդ եռամսյակում վնասն աճել Է 57 անգամ եւ կազմել 511,5 մլն դոլար), բայց հասույթն աճել Է 116 տոկոսով՝ մինչեւ 243 մլն դոլար:
2013 թվականին Twitter-ի զուտ վնասը, ըստ US GAAP-ի, աճել է ավելի քան ութ անգամ՝ մինչեւ 645,3 մլն դոլար՝ նախորդ տարվա 79,4 մլն դոլարի վնասի համեմատությամբ: Այդ մասին հաղորդել է Digit.ru-ն՝ հղում անելով ընկերության կայքում զետեղված տեղեկատվությանը:
Մեկ բաժնետոմսի հաշվարկով տարեկան վնասը կազմել է 3,41 դոլար: Անցյալ տարի Twitter-ի հասույթն աճել է 110 տոկոսով՝ մինչեւ 664,89 մլն դոլար, դրանից գրեթե 596 մլն դոլարը ստացվել է գովազդի հաշվին:
«Ես ոգեշնչված եմ այն նախաձեռնություններից, որոնց վրա մենք աշխատում ենք Twitter-ն օգտատերերի համար բարելավելու համար»,- արդյունքները մեկնաբանել է Twitter-ի գլխավոր տնօրեն Դիք Կոստոլոն:
Twitter-ի այն օգտատերերի թիվը, որոնք միկրոբլոգների ծառայություններից օգտվում են ամեն ամիս, կազմել է 241 մլն, 2013 թվականի հոկտեմբերից լսարանն աճել է ընդամենը 9 միլիոնով:
Twitter-ի ընդհանուր լսարանից շուրջ 187 մլն մարդ ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվող երկրների օգտատերերն են: Լսարանի չափով Twitter-ը դեռեւս զգալիորեն հետ է մնում իր գլխավոր մրցակցից՝ Facebook սոցիալական ցացնից, որից ամսական օգտվում է ավելի քան 1,23 մլրդ մարդ: