Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը փետրվարի 6-ից մինչև 12-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 12 երկրաշարժ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՍՊԾ» գործակալությունից, երկրաշարժերից 6-ը գրանցվել են Թուրքիայի տարածքում: Դրանցից 3-ը` 3 բալ, իսկ 1-ը` 4 բալ ուժգնությամբ, տեղի է ունեցել Վան քաղաքի, 1-ն էլ' 3 բալ ուժգնությամբ Հորասան քաղաքի տարածքում: Եվս 4-ը գրանցվել են Իրանում. 3-ը 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ՝ Ահար քաղաքի շրջանում և 3 բալ ուժգնությամբ' Խոյ քաղաքից 29 կմ դեպի հարավ-արևելք: Փետրվարի 10-ին 3-4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվել է Վրաստանի Քվարելի քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևելք: Նույն օրը 7 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Ադրբեջանի Շամախի քաղաքից 28 կմ դեպի հարավ-արևելք: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի և Լեռնային Ղարաբաղի մի շարք բնակավայրերում` 3-4 բալ ուժգնությամբ:

 

Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ: Փետրվարի 7-ին 6.5 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել խաղաղօվկիանոսյան Վանուատու Հանրապետության Պորտ-Օլրի քաղաքից 31 կմ դեպի արևելք: Փետրվարի 12-ին 6.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չինաստանի հյուսիս–արևմուտքում՝ Սինցզյան-Ույղուր ինքնավար մարզում: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձության հետևանքով վնասվել են 350 շինություններ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր չկան: