Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Հայաստանի քաղաքացիների մած մասը դեմ է կուտակային կենսաթոշակների մասին օրենքին: Փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը Հակոբ Հակոբյանը նշեց, որ այնքան էլ չի երևում, թե բնակչության մեծամասնությունը դեմ է օրենքին:

 

«Ես չեմ տեսել, որ բնակչության մեծամասնությունը դեմ է: Գոնե ասեիք մասնակիցների մեծամասնությունն է դեմ, սակայն դա բնական է, ոչ ոք հեշտությամբ չի համակերպվի այն մտքի հետ, որ իրենից լրացուցիչ գումարներ պետք է պահվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հակոբյանը:

 

Պատգամավորը դրական է համարում այն հանգամանքը, որ որոշ գործատուներ բողոքների արդյունքում համաձայնել են բարձրացնել աշխատողների աշխատավարձը և փոխհատուցել 5 տոկոս պարտադիր վճարները:

 

Հակոբ Հակոբյանը կուտակային կենսաթոշակների մասին օրենքի երեք առավելություն նշեց, որոնք կարող են բարենպաստ պայմաններ ստեղծել ՀՀ քաղաքացիների համար: Առաջինը՝ քաղաքացիներն իրենց ներկայիս եկամտի համեմատ 20 տոկոս կազմող կենսաթոշակը ապագայում կհասնի 50 տոկոսի՝ պետական կենսաթոշակի և կուտակածի հանրագումարի տեսքով, ինչը նրանց համար ապահով ծերության երաշխիք կարող է լինել:

 

Երկրորդ առավելություն Հակոբյանը համարում է այն, որ կուտակված գումարները կդրվեն շրջանառության մեջ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, հարկային մուտքերի հաշվին կավելանա նաև քաղաքացիների պետական կենսաթոշակը: Երրորդ՝ լրացուցիչ պայմաններ կստեղծվեն երկրի տնտեսության զարգացման համար:

 

Պատգամավորը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ կուտակված գումարները քաղաքացու սեփականությունն են, որը նա կարող է կառավարել համակարգչի առջև նստած: «Քաղաքացին կարող է կառավարել իր սեփական գումարը, անընդհատ ստուգել իր հաշիվը, իսկ խախտումների դեպքում կարող է բարձրաձայնել դրա մասին»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ քաղաքացու մահվան դեպքում նրա կուտակած գումարը փոխանցվելու է ժառանգներին:

 

Հարցին, թե օրենքի վերաբերյալ ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, Հակոբ Հակոբյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ ուղղակի հարկավոր է սպասել որոշմանը, որից հետո արդեն հնարավոր կլինի մտածել հետագա քայլերի մասին:

 

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից: Հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցվել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի երրորդ մասի գործողությունը, որոնք, մասնավորապես, գործատուներին թույլ էին տալիս մինչև մարտի 28-ն իրենց աշխատողների հաշիվներին չփոխանցել պարտադիր կենսաթոշակային վճարները:

 

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանը կքննարկի մարտի 28-ին: