Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն դատապարտել է Twitter-ի արգելափակումը Թուրքիայում: «Twitter.com սոցիալական ցանցի արգելքը Թուրքիայում լուրջ մտահոգություններ և կասկածներ է հարուցում եվրոպական արժեքների և չափանիշների նկատմամբ Թուրքիայի նվիրվածության հանդեպ: Խոսքի ազատությունը, որ ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնարար իրավունքն է, ենթադրու մ է տեղեկատվության և գաղափարների ընդունում և հաղորդում առանց պետական իշանությունների միջամտության:

 

Քաղաքացիները պետք է ազատ հաղորդակցվեն և ազատ լինեն հաղորդակցության տեխնոլոգիաների իրենց ընտրության մեջ: Սա ակնհայտորեն ներառում է նաև համացանցի հասանելիությունը: Բաց բանավեճերը նպաստում են թափանցիկությանը, պատասխանատվությանը և, ի վերջո, ամրապնդում ժողովրդավարությունը. նման բանավեճերը պետք է ամրապնդել ամենուր, այդ թվում' Թուրքիայում»,- ասվում է ԵՄ հանձնակատարի հայտարարության մեջ:

 

Անցած գիշեր սցիալական մեդիայի հետ պայքարի մեջ մտած թուրքական իշխանությունները արգելափակել են Twitter սոցիալական ցանցը Թուրքիայի տարածքում: Թուրքիայի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր նաև YouTube եւ Facebook կայքերը փակելու մտադրության մասին: