Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսը վերջնական որոշում է ընդունել համագործակցել հանրապետության իշխանության մարմինների հետ: Այդ մասին, հաղորդել է «Ղրիմինֆորմ» գործակալությունը՝ հղում անելով մեջլիսի ղեկավար Ռեֆաթ Չուբարովին:

 

Սիմֆերոպոլում կայացած ճեպազրույցի ժամանակ Չուբարովը հայտնել է, որ կայացել է մեջլիսի թվով երկրորդ նիստը, որի ընթացքում քննարկվել է Ղրիմի իշխանությունների հետ տեղի թաթարների հասարակական այս կազմակերպության համագործակցության հարցը: Ի տարբերություն մարտի 30-ին տեղի ունեցած նախորդ նիստի, երբ մեջլիսի անդամները տարակարծիք էին այդ հարցի շուրջ, այժմ համագործակցելու վերջնական որոշում է ընդունվել:

 

«Մենք որոշում ընդունեցինք Ղրիմի իշխանությունների հետ համագործակցելու համար լիազորել Լենուր Իսլամովին և Զաուր Սմիռնովին»,-նշել է Չուբարովը և հավելել, որ այդ անձինք պետք է քննարկեն «Ղրիմի թաթար ժողովրդի ամենաանհետաձգելի հարցերը»:

 

Այսօր ավելի վաղ Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման ժամանակ խնդրել է ղրիմցի թաթարների վրա տարածել «Ռեպրեսիայի ենթարկված ժողովուրդների ռեաբիլիտացման մասին» օրենքի գործողությունը: Պետության ղեկավարի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում Միննիխանովը պատմել է Ղրիմ կատարած իր ուղևորությունների և թերակղզում ապրող թաթարների հետ ունեցած հանդիպումների մասին:

 

«Անշուշտ, 70 տարի առաջ նրանք ռեպրեսիայի են ենթակվել, առայժմ, բացի այն բանից, որ ընդունվել է երաշխիքների մասին որոշում, ինչի մասին դուք (Դաշնային ժողովին հղած) ուղերձում շատ պարզորոշ ասացիք, բայց ամեն դեպքում վատ չէր լինի, եթե 1991 թվականի գործող օրենքով («Ռեպրեսիայի ենթարկված ժողովուրդների ռեաբիլիտացման մասին» օրենքը 1991 թվականին ընդունել է ՌԽՖՍՀ-ն) հավասարեցվեին նաև ղրիմցի թաթարները»,- ասել է Միննիխանովը:

 

«Եվ, երրորդ, ինչի վրա ես ուշադրություն եմ դարձրել: Այնուամենայնիվ, թաթարների բնակության վայրերն անհրաժեշտ է օրինականացնել: Երկրորդ, անհրաժեշտ է ենթակառուցվածքայնորեն օժանդակել, հավանաբար, ստեղծել ինչ-որ ծրագիր: Մենք դա քննարկել ենք նաեւ Ղրիմի կառավարության մեր գործընկերների հետ: Այստեղ նույնպես անհրաժեշտ է օժանդակություն»,- նշել է Թաթարստանի ղեկավարը:

 

«Անպայման կհանձնարարեմ այս ամենը մշակել, բոլոր հարցերը, բոլոր երեքը»,- պատասխանել է Պուտինը: