Ս.թ. ապրիլի 17-ին' ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (ք. Երևան, Իսահակյան 1) տեղի կունենա
«Ճանաչեք 1915» նախագծի կայքի ներկայացման արարողությունը, ինչպես նաև նախագծի շրջանակներում տպագրված «99» գրքի շնորհանդեսը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Նախաձեռնողները հայրենասերներ են, ովքեր ոճրագործությունից մազապուրծ եղած հայերի հետնորդներն են և կրում են այն վիշտն ու ցավը, որը չի թողնում հանդուրժել հանցագործությունը: Յուրաքանչյուր հայ հանձն է առնում Հայոց ցեղասպանությունը դատապարտելու պատասխանատվությունը, քանի որ այս հանցագործությունը վաղեմության ժամկետ չի կարող ունենալ: Ի վերջո, յուրաքանչյուր մարդ անկախ ազգությունից պետք է ճանաչի և դատապարտի 20-րդ դարում Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործությունը:
Այս նախագիծը մշակվել է աշխարհին Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու համար, և քանի որ էլեկտրոնային նամակագրական կապի միջոցով ամեն օր շփվում ենք հարյուրավոր մարդկանց և ընկերությունների հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, «Յուքոմ»-ը ստեղծել է «Ճանաչեք 1915» էլեկտրոնային փոստի ստորագրությունը, որը հնարավոր է կցել անձնական կամ կորպորատիվ նամակագրությանը:
Այս նախագծով կազմակերպիչները ցանկանում են մեկ անգամ ևս բոլորին հիշեցնել, որ անպատիժ մնացած ոճրագործությունները մեծ հավանակություն ունեն կրկնվելու:
Մեզ հետ զրույցում «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ յուրաքանչյուրի ներկայությունն ու նախագծին միանալը շատ կարևոր է՝ Հայոց Ցեղասպանության մասին տեղեկատվության տարածման և ճանաչման հրամայականով: