Ժնևյան պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում պաշտոնական Կիևն առավոտյան հանդես է եկել հայտարարությամբ: Ուկրաինայի նոր իշխանությունները պատրաստ են ռուսերենին տալ հատուկ կարգավիճակ, իսկ տարածաշրջաններում' անցկացնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է հատուկ հեռուստաուղերձի ժամանակ: Նա նաև նշել է, որ Գերագույն ռադայում կքննարկվի համաներում անցկացնելու վերաբերյալ օրինագիծ:

 

Խոսելով ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու ընթացակարգի մասին' Տուրչինովը մանրամասնել է, որ նոր Սահմանադրությամբ' երկրի շրջաններն իրենք են ընտրելու իրենց պաշտոնական լեզուն: Տուրչինովը հայտարարել է նաև, որ երկրում բարեփոխումներից հետո համայնքները կստանան ավելի մեծ լիազորություններ:

 

«Տեղական խորհուրդները կձևավորեն գործադիր մարմիններ, իսկ տարածաշրջանային իշխանությունները կապահովեն անհրաժեշտ ֆինանսական աջակցություն»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը: Առայժմ բարեփոխումների վերաբերյալ հստակ ժամկետ չի նշվում: Նախատեսվում է, որ մինչև հոկտեմբերի 1-ն Ուկրաինայի իշխանությունները պետք է կատարեն բարեփոխումներ' համաձայն նոր Սահմանադրության: