Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բնակչության մեծ մասը նախօրեին մեկնարկած ինքնորոշման հանրաքվեի արդյունքում աջակցում է պետական անկախության գաղափարը: Այս մասին վկայում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած քվեարկության նախնական տվյալները:
Դոնեցկում կայացած մամուլի ասուլիսում ԿԸՀ-ի նախագահ Ռոման Լյագինը հայտնել է, որ նախնական արդյունքներով անկախությանը «կողմ» է քվեարկել ընտրողների 89,7 տոկոսը, «դեմ»՝ 10,19 տոկոսը, և քվեաթերթիկների 0,74 տոկոսը փչացված է եղել:Լուգանսկի մարզի վերաբերյալ տվյալներ առայժմ չկան, սակայն անկասկած է, որ տեղի բնակիչները նույնպես մտադիր չեն Ուկրաինայի մաս կազմել:
Դոնեցկի մարզում քվեարկության մասնակիցները պետք է պատասխանեն հետևյալ հարցին. «Աջակցո՞ւմ եք արդյոք Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետության ինքնուրույնության կետին»: Այն գրված է ուկրաիներենով ու ռուսերենով, հարցի ներքևում նշված է երկու տարբերակ' «այո» և «ոչ»:
Հանրաքվեների կազմակերպիչների խոսքով՝ դրանց պաշտոնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 12-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնեցկում դաշնայնացման կողմնակիցները հայտարարում էին, որ հանրաքվեի անցկացման համար օգնություն չեն ստանում Ռուսաստանից: Նշվում է, որ ինքնորոշման հանրաքվեի համար ծախսվել է մոտավորապես 20 հազար գրիվնա (2 հազար դոլարից էլ քիչ):