Անցած գիշեր Սլավյանսկի և Կրամատորսկի մերձակայքում կրկին տեղի են ունեցել ընդհարումներ աշխարհազորայինների և ուկրաինացի ուժայինների միջև: Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել է Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը, մարտերի ընթացքում զոհվել է ուկրաինացի ութ զինծառայող, ևս յոթ հոգի վիրավորվել է: Աշխարհազորայինները նաև հայտնել են մի քանի միավոր զրահատեխնիկայի ոչնչացման մասին:

 

Պոնոմարյովի խոսքով՝ կորուստներ կան նաև աշխարհազորի կողմից, սակայն զոհերի թիվը նա չի նշել:

 

Ընդհարում է տեղի ունեցել նաև ցերեկը Սլավյանսկի շրջանի Օկտյաբրսկոյե գյուղի ծայրամասում՝ Կրամատորսկից 20 կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես հաստատել են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում, տեղական ժամանակով ժամը մոտավորապես 13:00-ին աշխարհազորայինները դարանից գնդակոծել են զորամասերից մեկի շարասյունը: Ըստ գերատեսչության տվյալների՝ գնդակոծման հետևանքով զոհվել է վեց զինվոր: Ավելի ուշ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հաղորդել է յոթ զոհի մասին: