Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը սերտ է և դրված է բարձր մակարդակի վրա: Նոր իրականության մեջ մարտահրավերները լուծվեն խաղաղ ճանապարհով, և համագործակցությունը պետք է չխանգարի Հայաստանի' այլ կառույցների հետ համագործակցությանն ու անդամակցությանը:
ՀՀ ԱԳՆ Եվրապայի վարչության պետ Արմեն Լիլոյանի գնահատմամբ' եթե 10-15 տարի առաջ ասեին, որ Հայաստանն ունենալու է նման սերտ հարաբերություն Եվրամիության հետ, որևէ մեկը չէր հավատա:
Եվրամիության ընդլայնման 10-րդ տարեդարձին նվիրված հանրային քննարկման ժամանակ Արմեն Լիլոյանը նշեց, որ Հայաստանը Եվրամիության հետ անցել է հսկայական ճանապարհ, համագործակցությունը եղել է տարբեր մակարդակների վրա և յուրաքանչյուր նոր համագործակցություն ու համաձայնագիր Հայաստանին ավելի է մոտեցրել Եվրամիությանը:
«Այժմ էլ Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանի համագործակցության առումով կա լուրջ առաջընթաց, և երկկողմ հարաբերությունների կարգավորման համար կլինեն նոր ձևաչափեր' ոչ միայն համագործակցության, այլև ասոցացման համար»,- ասաց Արմեն Լիլոյանը:
Խոսելով ԵՄ հաջողություններից' Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան հավելեց, թե կառույցը կարողացել է ապացուցել, որ աշխարհում ամենաուժեղն է և տնտեսական վերջին ճգնաժամից հետո, միությունը նոր ձևաչափերով ու նոր դասեր քաղած է նայում ապագային: Հրիսթեայի գնահատմամբ' Եվրամիությունն իր ուշադրությունը ուղղել է դեպի Հարավային Կովկաս, և այդ առումով երկրների հետ համագործակցության զարգացման հսկայական աշխատանք կա կատարելու:
«Ինչ վերաբերում է Հայաստանին, Եվրամիությունն ունի լավ հարաբերություններ և մենք ունենք պարտավորություններ, որոնք պետք է իրականացնենք: Հայաստանի հետ համագործակցությունն ուղղված է բարեփոխումներին և տարբեր ոլորտներում ԵՄ-ն իր պարտավորությունների շրջանակում կօժանդակի Հայաստանին' առաջընթաց ունենալու համար»,- ասաց Թրայան Հրսիթեան: