Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին հարցին: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Մենք, բնականաբար, դեմ ենք քվեարկելու բյուջեի կատարողականի հաստատմանը, քանի որ այն վստահո ւթյուն չի ներշնչում»,-ասաց Զոհրաբյանը:
Բյուջեի կատարողականին դեմ քվեարկելու մասին հայտարարեց նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա դժգոհեց կառավարության գործունեությունից' նշելով, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն էլ այս պահին ներկայացվում է հասարակության ուշադրությունն առավել կարևոր հարցերից շեղելու համար: «Մենք երեկ ներկայացրեցինք մեր պահանջները, որոնք իրատեսական են, և հույս ունենք, որ կառավարությունը քայլեր կձեռնարկի այդ երպահանջներն իրականացնելու համար: Մենք կատարողականի նախագծին դեմ ենք քվեարկելու, իսկ դուք կողմ նորոշվեք»,- հայտարարեց Հակոբյանը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ որևէ կատարողականի հաշվետվություն չի կարող ընկալելի լինել հասարակության համար, երբ երկրում սոցիալական իրավիճակի բարելավում չի նկատվում, մարդիկ փոփոխություններ չեն տեսնում: Նա տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն նույնպես դեմ կքվեարկի ՀՀ 2013թ. պետական բյուջեի նախագծին:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը ևս դեմ կքվեարկի կատարողականի նախագծին: