Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ոչ իշխանական ուժերին մեղադրում է խորհրդարանի բնականոն աշխատանքը խանգարելու փորձերի մեջ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, ամդրադառնալով այսօրվա նիստում քվեարկության հետ կապված խնդիրներին, որի ժամանակ երկու անգամ 20 րոպեով ընդմիջվեց խորհրդարանի աշխատանքը, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դա ուղղակի ԱԺ բնականոն աշխատանքները ոչ իշխանական ուժերի կողմից խաթարելու միտում էր: «Եթե նկատել եք, նրանք չեն քվեարկել մի օրենքի օգտին, որի վերաբերյալ նախորդ նիստի ընթացքում իրենք բոլորը դրական կարծիք են արտահայտել: Այնպես որ այս դեպքում նրանք ոչ թե օրենքին էին դեմ, այլ ուղղակի ցանկանում էին խափանել բնականոն աշխատանքը՝ նկատելով, որ մեր մի շարք պատգամավորներ գործուղման մեջ են և օրենքը կարող է չանցնել»,-ասաց նա:
Հարցին, թե միգուցե դահլիճ ՀՀԿ պատգամավորների ներկայությունն ապահովելու հետ կապված խնդիր է եղել, ինչի արդյունքում «Տեղեկատվական տեխնոլոգիաների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը չի անցել, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ պատգամավորներին դահլիճ բերելու կամ չբերելու խնդիր չկա, քանի որ այս պահին ՀՀԿ խմբակցության 8 պատգամավոր գտնվում է գործուղման մեջ: «Հետաքրքիրն այն է, որ նրանք դեմ են քվեարկում մի օրինագծի, որի վերաբերյալ մինչ այս դրական են արտահայտվել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե կառավարությունը շարունակում է հրատապ նախագծեր բերել ԱԺ և դնել քննարկման, որոնց բովանդակության հետ պատգամավորները չեն հասցնում ծանոթանալ, Վահրամ Բաղդասարյանը համաձայնեց, որ այստեղ խնդիր կա և իրենք առաջին ընդմիջումից հետո քննարկել են այդ հարցը: «Մենք հասկանում ենք, որ խնդիր կա և դա արձանագրեցինք նաև քննարկման ժամանակ: Սակայն այստեղ ԱԺ կանոնակարգի խախտում չկա, որովհետև այս դեպքում թերի է կանոնակարգը: Այն թույլ է տալիս, որպեսզի կառավարությունը նման նախաձեռնությամբ հանդես գա: Մենք արձանագրել ենք, որ պետք է հանձնախումբ ս տեղծենք, որպեսզի այն զբաղվի կանոնակարգում համապատասխան փոփոխությամբ»,- ասաց Բաղդասարյանը:
Ազգային ժողովի հունիսի 18-ի արտահերթ նիստի մեկնարկին պատգամավորները բողոքեցին, որ կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել հրատապ հարցեր, որոնք մինչ այս հանձնաժողովներում քննարկում չեն անցել, իսկ իրենք բոլորովին ծանոթ չեն դրանց բովանդակությանը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը 20 րոպե ընդմիջում վերցրեց իրավիճակը քննարկելու համար: Ընդմիջումից վերադառնալուց և արտահերթ նիստի օրակարգը հաստատելուց հետո ԱԺ նախագահն առաջարկեց քվեարկության դնել այն հարցերը, որոնց քննարկումն ավարտվել էր նախորդ նիստի ընթացքում: Ոչ իշխանական ուժերը չմասնակցեցին «Տեղեկատվական տեխնոլոգիաների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հաստատելու քվեարկությանը: Նիստին ներկա 64 ՀՀԿ-ականների ձայները բավարար չէին օրենքն ընդունելու համար, որից հետո արդեն 20 րոպե ընդմիջում վերցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: