Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հունիսի 22-ին մեծ շուքով նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Սրբազան արարողությանը մասնակցել են Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Միաբանական համագումարի առիթով Ս. Էջմիածին ժամանած Հայաստանի և Սփյուռքի թեմերում սպասավորող Մայր Աթոռի միաբաններ ու Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ:

 

Տոնի առիթով Սուրբ Պատարագին ուխտավորաբար ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, ԱՀԹ թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանը, Մայր Աթոռի բարերարներ և բազում ուխտավոր հայորդիներ:

 

Պատարագիչ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը սրբազան արարողության ավարտին հավուր պատշաճի քարոզ է խոսել՝ անդրադառնալով Ս. Էջմիածնի խորհրդին և նշանակությանը հայ մարդու կյանքում: Իր ոգեշունչ քարոզում Նավասարդ Սրբազանը մասնավորապես ասել է. «Այսօր բացառիկ օր է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար և ողջ հայության կյանքում՝ տոնն է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի: Էջմիածի՜ն՝ հայ ժողովրդի արյան կանչ, խաղաղության աղբյուր, մխիթարության օրրան, հոգեկան լույսի մշտամնա ջահ, աղոթքի բուրվառ և հավատքի տուն: Այստե՛ղ' ա՛յս տեղում, մեր Եկեղեցու հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչն արցունքի միջից տեսավ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի լուսեղեն էջքը: Եվ Ս. Լուսավորչին, ով «աստվածային Հոգու քաղցրախոս քնարն է», հանձնվեց Աստծո Տաճարը կառուցելու բանալին: Այստե՛ղ Հայոց Տրդատ արքան 301 թ. պետական կրոն հռչակեց քրիստոնեությունը, և փրկարար լույսը' վկայված նահատակների արյամբ, հիմնովին խորտակեց անհավատության կռատներն ու մեհյանները և տարածվեց ամենուր:

 

Ապա հայոց երկնակամարում թևածեց կանչը սրբագործված հոգիներ ի. «Եկա՛յք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ» : Հայոց աշխարհ, հայի ոգի, հայի հավատք ու հայի խիղճ…: Այս ամենի մեկտեղումից Քրիստոսաէջ սրբազնագույն վայրում ծնված Մայր Տաճարում երկու հազարամյա քրիստոնեական միասնության ոսկեզարկ կնիքով դրոշմված միաբանություն:

 

Սիրելինե՛ր, հայության համար լույսի խորան դարձած Ս. Էջմիածինը հավերժի խորան է: Քանի՜ հարյուր հազար անգամներ է հնչել այս անունը հայի շուրթերից՝ ԷՋ-ՄԻԱԾԻՆ… Խորախորհուրդ և ահասարսուռ իրողություն. Հարուցյալ և Համբարձյալ Տերը, թողնելով Իր երկնային փառքը, իջել է այստեղ՝ հայի հետ հանդիպելու, Հայկյան ցեղի մեջ ներթափանցելու և մշտաբարբառ խոսելու. «Ես եմ ձեր Տերն ու Փրկիչը: Ինձնո՛վ ապրեք, Ինձնո՛վ ապաշխարեք, Ինձնո՛վ արարեք և Ինձնո՛վ փնտրեք Լույսը Փրկչական»: Եվ «ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի»:

 

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մենք այսօր պետք ունենք անսալու աստվածային կանչին, պետք ունենք նորոգվելու, սիրո անաղարտ տաճարներ դառնալու՝ այս Տաճարին արժանանալու համար: Ա՛րդ, եկե՛ք միասնաբար, այս հոգեցունց աղոթքին խառնենք մեր մտքերն ու հոգիները, գոհաբանական խոսքեր ասենք և ուխտենք՝ այն պահելով մեր սրտի անկիզելի մատյանում. «Տէր մեր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոս, որ աղօթքով Քո բազմաչարչար վկայի եւ մեր հաւատոյ հօր՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի միջնորդութեամբ, մեծ փառքով եւ Քո լուսեղենների բազմությամբ երկնից իջար, ո՜վ Յիսուս, ի դաշտն Արարատեան ի յայցելութիւն փոքու հօտին Քո ազգս Հայոց» (Ժամագիրք):

 

Փա՛ռք և գոհություն Բարձրյալն Աստծուն, Ով պարգևեց մեզ հոգևոր եղբայրության և միասնության հոգին և միաբանելով այս սրբազնասուրբ վայրում, մեր՝ առաջին քրիստոնեական ազգի և պետության ծննդավայրում, շնորհ արեց մեկ անգամ ևս պանծացնելու Հայոց Բեթղեհեմ դարձած Մայր Եկեղեցու ծնունդը:

 

Սիրելինե՛ր, թող Կաթողիկե Ս. Էջմիածինն այսօր տարրալուծվի ու սփռվի մեր հոգիներից ներս, դառնա Միածնի իջման և լույսի խորան, որպեսզի նորոգված հնչեղությամբ, Ս. Նարեկացու խոսքերով փառավորենք Աստծուն՝ ասելով. «Քրիստոս Փրկչին՝ քեզ պսակողին, վայելում է փառք հավիտյանս. ամեն»:

 

Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կատարվել է Հայրապետական մաղթանք' ի շինություն և ի բարեզարդություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետի երկարամյա հովվապետության համար: