«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը, ով ներկայում բնակվում է Միացյալ Նահնագներում, Թուրքիայում կուսակցություն կհիմնի: Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, տարածված տեղեկությունների համաձայն` այն կունենա «Ծառայություն իրավունքին» կուսակցություն («Հաքքա Հիզմեթ») անվանումը: Նշվում է, որ նորաստեղծ կուսակցության նախագահը լինելու է պրոֆեսոր, իրավաբան Աբդուրրահիմ Քարսլըն, ով հայտնի է գյուլենական համայնքում իր ծավալած ակտիվ գործունեությամբ:

 

Թուրքական լրատվամիջոցներով տարածված տեղեկության մեջ հաղորդվում է նաև, որ Գյուլենի հիմնադրած կուսակցության մեջ են լինելու վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հրաժարված 8 անդամներ: Թուրքական լրատվամիջոցը տեղեկացնում է նաև, որ գյուլենականները, ամենայն հավանակությամբ, մոտակա օրերին կդիմեն Թուրքիայի ներքին գործերի նախարարություն' իրենց կուսակցությունը գրանցելու համար:

 

Ֆեթուլլահ Գյուլենը «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդն է: Գյուլենի շարժումը արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Այն հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում' Թուրքիայում: Մինչ վերջերս այն համարվել է Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի քաղաքական հենարանը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999թ. որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ուղի թուրքական կառավարության և ուժային կառույցների վրա: Թուրքական խորհրդարանում ԱԶԿ-ի զգալի թվով պատգամավորներ համարվում են գյուլենական աղանդի հետևորդներ:

 

Ֆեթուլլահ Գյուլեն-Էրդողան հակասությունների համատեքստում երկու ամիս առաջ թուրքական իրավապահ մարմինների կողմից անցկացված գործողությունների արդյունքում բացահայտվել էր Էրդողանի, նրա որդիների, կառավարության անդամների' խոշոր ծավալների հասնող կոռուպցիոն գործարքները: Այդ փաստերն արտացոլող հեռախոսային զրույցների ձայնագրությունները համացանցում հայտնվելուց հետո, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և, հատկապես, Էրդողանի հեղինակությունն ու վարկանիշը Թուրքիայում զգալիորեն նվազել էր:

 

Դրանից հետո Էրդողանը Գյուլենի շարժումը «զուգահեռ կառույց» էր անվանել: Նա հայտարարել էր, որ իր հակապետական գործունեությամբ այդ կառույցն ապացուցել է, որ ոչ թե կրոնական հոսանք է, այլ քաղաքականացված և ապօրինի կազմավորում, որի գործողություններն ուղղված են երկրի ազգային շահերի վնասմանը: