Ադրբեջանցիների կրակահերթերը Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ շարունակվել են հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերվա ընթացքում: Արձակված գնդակներից վնասվել են տների պատերն ու պատուհանները, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սողոյանը տեղեկացրեց, որ կրակոցները սկսվել են ժամը 22:00-ի սահմաններում և շարունակվել մի քանի ժամ: «Կրակոցներ էին հնչում նաև ցերեկվա ժամերին, մոտավորապես ժամը 14:00-16:00-ի հատվածում: Սակայն գիշերը հակառակորդը կրկին ակտիվացավ և ժամեր շարունակ կրակոցներ էր արձակում գյուղի ուղղությամբ: Կրակահերթերից տուժել են հիմնականում տների արտաքին հատվածները, պատերը, պատուհանները: Մի դեպքում էլ արձակված գնդակը անցել է պատուհանով և վնասել բնակիչներից մեկի տան սառնարանը»,- ասաց Սողոյանը:
Չինարիի գյուղապետը տեղեկացրեց, որ հարևան սահանամերձ գյուղերում իրավիճակն ավելի հանգիստ է եղել և կրակոցներ չեն հնչել: Չինարիում եւս դրանք դադարել են:
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակրոցներն ակտիվ էին նաեւ հունիսի 28-ին' ժամը 17:00-ից: Կրակահերթի տակ են եղել Բարեկամավան, Այգեպար, Մովսես գյուղերը: Այգեպարում վնասվել է գազատար խողովակը: Գյուղերը լուրջ վնասներ են կրել: Մինչ այդ' հունիսի 25-ին, ադրբեջանական զինուժը կրակոցներ էր արձակել Հայաստանի սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ: Հակառակորդի զինուժը թիրախավորել էր գյուղը, գնդակները հասել էին գյուղապետարանի շենքին, եկեղեցուն, դպրոցին: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավոր ներ չեն եղել: