Թուրքիայի նախագահի թեկնածու, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) համանախագահ Սալհեթդին Դեմիրթաշը քննադատել է իր մրցակից, երկրի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի երկերեսանի քաղաքականությունը Իսրայելի հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական DemokratHaber լրատվական կայքը, նախընտրական քարոզարշավի շրջանակում, Փարիզում, քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքում Դեմիրթաշը դատապարտել է Պաղեստինի դեմ Իսրայելի ռազմական գործողությունները եւ նշել, որ այդ հարցում Թուրքիան երկերեսանիություն է դրսեւրում. մի կողմից հայտարարում է, որ ցավում է Գազայի համար, մյուս կողմից' Իսրայելի հետ ռազմական գործարքներ է կատարում:
«Իսրայելի վրա գոռալու փոխարեն, թող Էրդողանը դադարեցնի այդ երկրի հետ ռազմա-առեւտրային եւ զինավարժանքների մասին համաձայնագրերը»,- հայտարարել է Դեմիրթաշը:
Թուրքիայի նախագահի ազգությամբ զազա-քուրդ թեկնածուն արձագանքել է նաեւ Էրդողանի այն հայտարարությանը, թե HDP-ն պետք է տեղ չունենա Թուրքիայի խորհրդարանում: Նա ասել է, որ Էրդողանի համար HDP-ականները, փաստորեն, համերկրացիներ չեն: Նա նաեւ նշել է, որ Էրդողանի համար անընդունելի զանգված են նաեւ հայերը, ասորիները, եզդիները, ալեւիները: «Եվ, առհասարակ, Էրդողանի համար թշնամի են բոլոր նրանք, ովքեր չեն քվեարկում իր կուսակցության օգտին», -ասել է Դեմիրթաշը: