Մալայզիական Boeing-ի կործանման վայրում հայտնաբերվել է 282 զոհվածի մարմին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը:
«Մարմիններն առավել հնարավոր կոռեկտությամբ հավաքել են աղետի վայրից և տեղավորել հինգ սառնավագոններում: Այդ վագոնները գտնվում են Տորեզի կայարանում: Դրանք դեռ ոչ մի տեղ չեն մեկնում: Մենք կարող ենք դրանք որևէ տեղ ուղարկել միայն միջազգային փորձագետների ուղեկցությամբ»,-ասել է Բորոդայը հուլիսի 21-ին Դոնեցկում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Նա նաև հայտնել է, որ ինքնաթիռի տեխնիկական դետալները, որոնք, հավանաբար, «սև արկղերն» են, առաջվա պես գտնվում են Դոնեցկում: «Ինչպես և զոհվածների մարմինները, դրանք էլ կհանձնվեն օտարերկրյա փորձագետներին՝ բայց ոչ ուկրաինական կողմին»,-հայտնել է Բորոդայը:
Հուլիսի 17-ին Դոնեցկի մարզի Շախտյորսկի շրջանի Գրաբովո գյուղի մերձակայքում կործանվել է Malaysian Airlines-ի Boeind-777-ը, որը ՄՆ17 չվերթով Ամստերդամից թռչում էր Քուալա Լումպուր: Ինքնաթիռում գտնվում էր 283 ուղևոր և անձնակազմի 15 անդամ: Նրանք բոլորը զոհվել են:
Ավիափոխադրողի տվյալների համաձայն՝ զոհվածների թվում է Նիդեռլանդների 192 հպատակ, նրանցից մեկը նաև ԱՄՆ-ի քաղաքացի է: Ցուցակում նաև նշվում են Մալայզիայի 44 քաղաքացիներ, որոնցից 15-ն անձնակազմի անդամներն են, Ավստրալիայի 27, Ինդոնեզիայի 12 քաղաքացիներ: Ողբերգության ևս 10 զոհեր Մեծ Բրիտանիայի հպատակներ են, որոնցից մեկը նաև Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացիություն ունի: Զոհվածների թվում են՝ չորս գերմանացի և նույնքան բելգիացի, երեք ֆիլիպինցի, Կանադայի և Նոր Զելանդիայի մեկական քաղաքացի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: