Ռոբերտ Քոչարյանի բացատրությունը, թե ինչու չառաջադրվեց նախագահի թեկնածու, Հայաստանի ներկայիս ժամանակահատվածում բավական սիմպտոմատիկ է ամբողջ քաղաքական դաշտի համար: Այստեղ, ինչպես ասում են, բացատրությունների կամ հիմնավորումների ճգնաժամ է: Որեւէ մեկն այդպես էլ չկարողացավ հասարակության համար պարզ, մատչելի, հիմնավոր, համոզիչ փաստարկներով բացատրել, թե ինչու չառաջադրվեց նախագահի թեկնածու, կամ թե ինչու է առաջադրվել:

Գագիկ Ծառուկյանն, օրինակ, իր 500 հազար քվեներին այդպես էլ չբացատրեց, թե մինչեւ անգամ Եվրոպայում ճանաչվելով հիանալի թեկնածուացու, ինչու հրաժարվեց առաջադրվելուց: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր քիչ, բայց հավատավոր համակիրներին այդպես էլ որեւէ այլ բացատրություն չկարողացավ ներկայացնել, 68-ից բացի: Վարդան Օսկանյանին էլ, որ առաջադրվելու ամենամեծ ջատագովներից էր, այլ բան չմնաց, քան հարգել Գագիկ Ծառուկյանի որոշումը եւ լռել Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշման մասին:
Անբացատրելի էր Դաշնակցության որոշումը: Ռոբերտ Քոչարյանը եկավ ու համալրեց այդ շարքը:

Առաջադրվածների բացատրությունների կամ հիմնավորումների խնդիրը մի այլ պատմություն է, բայց խորքային իմաստով չտարբերվող: Հայաստանի քաղաքական դաշտում փաստարկների, հիմնավորումների ճգնաժամ է, որովհետեւ դրանցից դուրս մնացյալ ամեն ինչ երկու տասնամյակի ընթացքում այնքան է ասվել, որ այլեւս այդ խոսքերը որեւէ արժեք չունեն, իսկ փաստարկների եւ հիմնավորումների՝ այլ կերպ ասած հանրային հաշվետվության, Հայաստանի քաղաքական դաշտը վարժված չէ:

Այդ դաշտը վարժված է առեւտրի, ինչպես դիպուկ նկատել է Ռոբերտ Քոչարյանը: Թեեւ իհարկե այդ դիպուկությունը խոսում է ոչ այնքան նրա առաքինության, որքան ընդամենը տարիներ շարունակ այդ առեւտրային մեխանիզմների գործուն մասնակիցներից մեկը լինելու հանգամանքով: Քոչարյանն ամեն ինչ շատ լավ տեսնում է ոչ թե կողքից, այլ գիտե ներսից:

Փաստարկի եւ հիմնավորումների բացակյությունն է, որ Հայաստանի քաղաքական դաշտի «աքսակալների» կամ «կուռքերի» տեքստերը լցրել է հրաժեշտի շնչով, որքան էլ որ նրանք փորձում են այդ տեքստերում պահել ինտրիգն ու այդպես էլ չարտաբերել «մնաք բարովը»: Այդ տեքստերը դարձել են յուրօրինակ «ինքնամահախոսականներ»:

Դա այն ամենն է, ինչին ներկայում ընդունակ են այսպես կոչված քաղաքական ուժերն ու լիդերները: Նրանց մնացել է մի վերջին խնդրանք հանրությանը՝ քաղաքական իմաստով հանձնել իրենց «հողին», որովհետեւ դա արդեն հանրության առաքելությունն է ու գործը, նույնիսկ պարտավորությունը: Այն հանրությունը, որ չի թաղում իր քաղաքական «մեռելներին», հազիվ թե ունակ լինի նոր կյանք կառուցել: «Նեկրոֆիլիայից» էլ «զավակ» չի ծնվում, ինչպես երազախաբությունից: