Հուլիսի 31-ի գիշերը ադրբեջանական զորքերի հետ ԼՂՀ պաշտպանական բանակի շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմի իրագործած հետախուզա-դիվերսիոն գործողության ժամանակ ծանր վիրավորված ադրբեջանցի զինվոր Անար Վիդադի օղլու Գարազադեն (ծն.1996 թ.) հիվանդանոցում մահացել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը' նշելով, որ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Անար Գարազադեն զինծառայության էր կանչվել Բիլյասուվարի շրջանից:

Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը օգոստոսի 3-ին այցելել է Գերանբոյի մոտ շփման գծում տեղակայված զորամասեր, հանդիպել անձնակազմի հետ եւ ծանոթացել իրավիճակին: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծում վերջին 5 օրերին տեղի ունեցած լոկալ առճակատումների մասին ամփոփ տեղեկատվություն: Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ եւ 30-ից ավելի վիրավորներ: Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր: