«Mediamall.am» -ը ներկայացնում է օրվա կարևորագույն իրադարձությունները.
Ադրբեջանական բանակը կորցրել է հերթական զինվորին
Ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների թիվն օրեցօր ավելանում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA լրատվական գործակալությունը հայտնում է ադրբեջանական բանակի հերթական զինվորի զոհվելու մասին: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում: Ադրբեջանական բանակի զինվոր Սահիլ Յաշար օղլու Թառլանլըն մահացել է հրազենային վերքից: Դեռեւս հայտնի չէ, թե նա ինչպիսի հանգամանքներում է վիրավորվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է տվյալ փաստը: Փաստի առնչությամբ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, կատարվում է հետաքննություն:
Ադրբեջանը հաճախ թաքցնում է առաջնագծում զինադադարը խախտելու կամ զինված ուժերի կողմից իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները եւ, որպես կանոն, միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, միայն վերջին երկու օրվա ընթացքում ադրբեջանական բանակի կորուստը կազմել է 6 զինծառայող, որոնցից երկուսը ներկայացվել է որպես ոչ մարտական կորուստ, կոչումով մայոր մեկ սպա էլ մահացել է հիվանդությունից:
***
Կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ, հակառակորդը տվել է մեկ զոհ և վիրավորներ. ԼՂՀ ՊՆ
Օգոստոսի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ արևելյան՝ Մարտունու /Յուսուֆջանլու/ ուղղությամբ, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կազմակերպված գործողությունների արդյունքում, հակառակորդը տալով մեկ զոհ /Սահիլ Յաշարօղլու Թառլանլը/ և վիրավորներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:
Բացի վերոնշված դիվերսիոն ներթափանցման փորձից, օգոստոսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 370 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են: Ներկա դրությամբ հայ դիրքապահները վստահորեն վերահսկում են ԼՂՀ պետական սահմանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
***
Հայկական զինված ուժերը վերջին օրերին կանխել են հակառակորդի 20-ից ավելի դիվերսիոն հարձակում. Սեյրան Օհանյան
Հայաստանի Զինված ուժերը հաղթանակած բանակի հրամանատարներով են համալրված: Վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը հերթական անգամ փաստեցին, որ հայկական զինված ուժերի դիրքերն ամուր են, հայկական բանակն ու հասարակությունը' համախմբված եւ միասնական: Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը' օգոստոսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Հակառակորդը փորձ արեց ստուգել հայի հոգու ամրությունը, բայց նրանք չէին գիտակցում, որ հայկական զինուժի դիրքերն ամուր են, իսկ բանակն ու հասարակությունը' համախմբված»,-նշեց նախարարը: Սահմանին իրավիճակն այսօր էլ լարված է, եւ հակառակորդը, գերագնահատելով իր ուժերը, տարբեր տրամաչափի զենքերից կրակում է հայկական դիրքերի եւ խաղաղ բնակչության ուղղությամբ: «Սակայն առաջնագծում հայ զինվորն է եւ նա գիտի իր առաքելությունն ու շարունակում է ապահովել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը: Այս օրերի ընթացքում հայկական զինված ուժերի տարբեր ստորաբաժանումները կանխել են հակառակորդի քսանից ավելի դիվերսիոն հարձակումներ, որոնք, բնականաբար, հատուկ պատրաստություն անցած ստորաբաժանումների ձեռքի գործն են: Սա հերթական անգամ փաստում է հայ տղաների խիզախությունը, հայրենասիրությունն ու մարտական պատրաստվածությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Սեյրան Օհանյանը' հավելելով, որ հպարտ է ՀՀ Զինված ուժերով եւ այսօր բանակը հերթական անգամ ապացուցեց, որ կայացած, հաստատուն եւ թրծված կառույց է, որն անցել է պատերազմի բովով:
Նախարարը շեշտեց, որ հանդիպել է միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ եւ միջազգային հանրությանը ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը: «Հայկական կողմը պաշտպանում է իր պետության սահմաններն ու բնակչության անվտանգությունը, մինչդեռ հակառակորդն ապակողմնորոշում է միջազգային ատյաններին, սեփական հանրությանն ու տարածում ապատեղեկատվություն: Ցավում եմ երկուստեք մարդկային կորուստների համար: Ցավում եմ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը բազմաթիվ կյանքերի գնով պետք է համոզենք մեր խաղաղասիրությունն ու մարդասիրությունը: Նրանց ղեկավարությունը չի գնահատում զինվորի արժեքը: Կատարվածն ու երկուստեք մարդկային զոհերը Ադրբեջանի ռազմաքաղաքական եւ ռազմական ղեկավարության խղճի վրա են: Ադրբեջանն իր ստի զոհն է: Կեղծելով իրադրությունն ու իրենց բանակը ներկայացնելով կարող եւ անպարտելի' սեփական ժողովրդի մոտ հայտնվեցինն փակուղային իրավիճակում»,- ասաց Սեյրան Օհանյանը:
***
ԼՂՀ ԶՈՒ գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում շփման գոտու երկարությամբ
Մեր զինված ուժերի գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում շփման գոտու երկարությամբ: Թռիչքները պայմանավորված են ստեղծված օպերատիվ իրադրությամբ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
***
Սեյրան Օհանյանը ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չի տեսնում
Թեպետ հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում իրավիճակը լարված է եւ հակառակորդը պարբերաբար դիվերսիոն հարձակումներ է գործում, սակայն հայկական զինված ուժերը կարողանում են կատարել իրենց առջեւ դրված պարտականություններն ու իրավիճակն այնպիսին չէ, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ աջակցությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, օգոստոսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին աջակցության խնդրով' բացառապես լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում:
«Այժմ նման իրավիճակ չէ, եւ հայկական զինված ուժերը, առանց լուրջ համալրումների, կարողանում են պաշտպանել մեր երկրի սահմաններն ու մեր ժողովրդի անվտանգությունը: Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին աջակցության խնդրով' միայն լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում: Այժմ մենք ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չենք տեսնում»,- ասաց Սեյրան Օհանյանը' հավելելով, որ ինչպես ՀԱՊԿ-ը այնպես էլ մնացած միջազգային կառույցները պետք է սթափ գնահատեն իրավիճակն ու դատապարտեն Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները:
***
Ալիեւը մեկնել է առաջնագիծ' քաջալերելու իր դիվերսանտներին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր շքախմբով մեկնել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի հյուսիսարեւելյան գոտի' Գուզանլը ավան, որը ադրբեջանցիները համարում են նախկին Աղդամի շրջանի վարչական կենտրոն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է haqqin.az-ը' հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Նշվում է, որ Ալիեւն այցելել է Աֆեթլի գյուղ եւ հանդիպել զինծառայողների հետ: Ենթադրվում է, որ մոտ օրերին Ալիեւը կհանդիպի վերջին շրջանում ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողությունների ժամանակ զոհվածների ընտանիքների հետ: Musavat.com կայքը հայտնում է, որ երեկ կեսօրից սկսած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են մեկնել Գուզանլը, որտեղ այսօր պետք է պետական պատասխանատուների հավաք անցկացվի: Ենթադրվում է, որ Ալիեւը իր ակտիվի հետ հանդիպումը կազմակերպել է առաջնագծում' սեփական բանակին քաջալերելու նպատակով:
Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական բանակի իրագործած դիվերսիոն գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը տասնյակ զինվորներ է կորցրել:
***
Վրաերթ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. 14-ամյա տղան հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է
Օգոստոսի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի 123.8 կ/մ-ին վրաերթի է ենթարկել 1998 թ. ծնված Արա Սարգսյանին և 2000 թ. ծնված Դավիթ Սարգսյանին, ինչի հետևանքով Դ. Սարգսյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ Ա. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ադրբեջանցի դիվերսանտները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ. Սեյրան Օհանյան
Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանում վնասազերծված ադրբեջանցի դիվերսանտները չեն կարող եւ չպետք է դիտարկվեն որպես գերի: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ, նրանք հանցագործներն են եւ նրանց գերու կարգավիճակ տալը սխալ է: «Խմբի նպատակը տեղեկությունների հավաքագրումն էր: Նրանց մոտ հայտնաբերված նյութերը ցույց են տալիս, որ վերջիններս ուսումնասիրել են ենթակառուցվածները, ռազմական մասերը, բանակային ստորաբաժանումների տեղաշարժերը: Դա պետք է ադրբեջանական ղեկավարության կողմից համապատասխան որոշման հիմք ծառայեր: Նրանք հանցագործներ են, եւ պետք է դատապարտվեն Լեռնային Ղարաբաղի եւ միջազգային օրենսդրությանը համապատասխան», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծել է Սեյրան Օհանյանը:
Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն- հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի ղեկավարն ու անդամների մի մասը ձերբակալվել, մյուսները ոչնչացվել են հայկական հատուկ նշանակության ջոկատայինների կողմից: ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները: ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա' 1972թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:
***
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 5-ին, ժամը 11.30-ին, Երևանի Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում «ԳԱԶել» միկրոավտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 5-ամյա մի աղջիկ մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 5-ին, ժամը 20.10-ին, հիվանդնոցից ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 55-ամյա մի կին:
Պարզվել է, որ օգոստոսի 4-ին Երևանի Սախարովի հրապարակում կինն իր «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 5-ին, ժամը 17.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 30 շենքի դիմաց «Տոյոտա Հարիյեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես Բենց Ց-180» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց Ց-180»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:Շարունակությունն այստեղ:
***
Ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 8-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի' մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի և հարակից տարածքների, Արցախի պողոտայի 1, 2, 4, 4ա, 6, 6ա, 8ա, 8բ, 8/1, 8/2, 10, 10 ա, բ, գ, դ, 12, 12ա, 14, 14ա, 16, 18, 20, 22, 23, 24, 26, 28, Գ. Նժդեհի փող. 58 համարների, Երկաթուղայինների, Աճեմյան փողոցների, Աճեմյան փող. 2-րդ փակուղու մասնավոր տնատիրությունների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
06.08.2014թ. «Երևան Ջուր» ՓԲԸ
***
Էրդողանին դատի են տալիս հայերին վիրավորելու համար
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) որոշել է դատական հայց ներկայացնել նախագահի թեկնածու, գործող վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին' NTV հեռուստատեսությամբ ելույթում հայերի հասցեին վիրավորական արտահայտություն թույլ տալու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով CNNTurk հեռուստաալիքի լրատվական կայքը, Էրդողանին դատի տալու մասին հայտարարել է ԺՀԿ Քոջաելիից ընտրված պատգամավոր Հուրշիթ Գյունեշը: Նա պնդել է, որ NTV-ում հայերին վիրավորելու փաստը վարչապետ Էրդողանի կողմից կատարված «լեզվական վրիպում չէ»: «Դա թշնամական պահվածք է», -ասել է նա եւ նշել, որ Էրդողանի այդ արտահայտությունը Թուրքիայի քրեական օրենսգքրով հանցագործություն է, եւ վարչապետը ատելություն դրսեւորելու հանցանք է կատարել: Թուրք պատգամավորը հայտարարել է, որ դատական հայց են ներկայացնելու Էրդողանի դեմ:
Թուրքական DemokratHaber լրատվական կայքը Էրդողանի վիրավորական արտահայտությունը բնութագրել է որպես հայերի դեմ ուղղված ատելության դրսեւորում:
Թուրքական ԶԼՄ-ներն այդ առնչությամբ հայտնել են, որ Թուրքիայի վարչապետի այդ հայտարարությունն առաջացրել է թուրքական հասարակության որոշ շրջանակների զայրույթը: Վերջիններս Էրդողանի խոսքը բնութագրել են ռասիզմ եւ վիրավորանք' ուղղված Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հասցեին: Իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները բազմիցս մեղադրել են Էրդողանին ռասիստական արտահայտություններ անելու եւ հասարակությունում միջէթնիկական եւ միջկրոնական բախումներ հրահրելու մեջ:
Թուրքական NTV հեռուստաալիքի «Խոսում են թեկնածուները» ծրագրի ուղիղ եթերում ելույթում Էրդողանը հայտարարել է, որ իր քաղաքական գործունեության ընթացքում ԶԼՄ-ները բազմիցս իր նկատմամբ վիրավորական արտահայտություններ են հնչեցրել' իրեն հայտարարելով հույն, վրացի, քուրդ եւ այլն: Ուղիղ եթերում նա ասել է, որ մի ժամանակ իրեն անգամ «հայ» են անվանել: Նշելով, որ ինքը թուրք է, Էրդողանն ասել է. «Մի քանիսն ինձ վրացի անվանեցին, նույնիսկ ավելի կեղտոտ բաներ ասողներ եղան. ինձ հայ անվանեցին, ես հորս եւ պապիս կողմից թուրք եմ: Ծագումով Ռիզեից եմ, ծնվեÕ ¬ եւ մեծացել եմ Ստամբուլում»:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Էրդողանի հայրը ծագումով չերքեզ է, մայրը' հրեական խառնուրդով թուրք, նրա կնոջ հայրը ազգությամբ թուրք է, իսկ մայրը' արաբ:
***
ՀՀ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է օգնել Լևոն Հայրապետյանին. վարչապետ
Հայաստանի կառավարությունն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է օգնություն ցուցաբերել գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում օգոստոսի 6-ին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ կառավարությունը բարձր է գնահատում բարերարի ջանքերը Արցախի զարգացման գործում:
«Մենք գնահատում ենք Լևոն Հայրապետյանի բարեգործությունը և այն, որ նա մշտապես օգնել է Արցախին: Թեև մեր լիազորությունների շրջանակն այս պարագայում մեծ չէ, սակայն մենք փորձում ենք օգնել նրան: Դա մեր պարտականությունն է»,- հայտնեց վարչապետը:
Խոսելով այս հարցի առնչությամբ նախկինում կոշտ արտահայտվելու մասին' Աբրահմայանն ասաց, թե իր կոշտ պատասխանը պայմանավորված էր նրանով, որ հարցը հնչեցնող լրագրողը մեղադրական տոնով էր արտահայտվել իր հասցեին: «Իմ կոշտ պատասխանն ուղղված էր լրագրողին, ոչ թե Լևոնին»,- պարզաբանեց Աբրահամյանը:
Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ենթադրվում է, որ ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել:
Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է: Հուլիսի 24-ին դատարանը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Հայրապետյանին: Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ, ՀՀ պետական և հասարակական գործիչներ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին: