«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը վստահ է, որ հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Արտուշի Պետրոսյանը սրտի կանգից չի մահացել:

 

Լավ իմանալով Ադրբեջանի բնութագիրը, Ալավերդյանը փաստում է, որ Ղարաբաղյան պատերազմի առաջին իսկ օրվանից այդ երկրի սահմանները հատած բոլոր գերիները մահացել են սրտի կանգից: Հետագայում պարզվել է, որ նրանք ենթարկվել են դաժան ծեծի, կտտանքների, հոգեբանական ճնշումներին ու խոշտանգումներին: «Սա նորություն չէ եւ Ադրբեջանը միշտ էլ նույն պատճառն է հորինել, երբ իր տարածքում գերիներ են մահանում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը:

 

Այս պարագայում Ալավերդյանը կոչ է անում ձեռքերը ծալած չնստել, այլ հանգամանալից կերպով ուսումնասիրել Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքները: Ըստ նրա, նախ լուրջ աշխատանք ունի կատարելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի Պետրոսյանի դին Հայաստան հասցնելու գործում:

 

«Պետք է կարողանանք պետական մարմինների միջոցով դատական բժշկական փորձաքննություն անցկացնել' իրական պատճառները պարզելու համար: Սակայն դրանով չպետք է սահմանափակվել եւ պետք է դիմել միջազգային կազմակերպություններին, միջազգային ատյաններին, դատարաններին, որպեսզի խաղաղ քաղաքացուն սպանողներն արժանի պատիժ ստանան»,- ասաց Լարիսա Ալավերդյանը' հավելելով, որ Ադրբեջանը հերթական անգամ ապացուցեց, որ չի ճանաչում ո'չ միջազգային նորմերը, ո'չ էլ հումանիստական գաղափարներով է առաջ շարժվում:

 

Լարիսա Ալավերդյանը հիշեցնում է, որ Ադրբեջանը նույն որակումը տվեց նաեւ 2010թ. հայ-ադրբեջանական սահմանը հատած Մանվել Սարիբեկյանի մահվան դեպքում: Փորձաքննությամբ ապացուցվեց, որ Սարիբեկյանը ենթարկվել էր դաժան ծեծի, կտտանքների, սակայն պաշտոնական հաղորդագրությամբ Ադրբեջանը հայտարարեց, որ երիտասարդ հովիվը հանկարծամահ է եղել:

 

Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվել նաեւ գերիների վերադարձման հարցում: Հայաստանում հայտնված ադրբեջանցի գերիների հանձնումը երրորդ երկրին երբեւէ չի ձգձգվել, ուշանալն էլ եղել է օբյեկտիվ պատճառներով՝ երրորդ երկրից պատասխանի ուշանալը, մինչդեռ Ադրբեջանն արհամարհել է միջազգային նորմերը նաեւ այս հարցում:

 

«Անցած քսանամյակի ընթացքում Ադրբեջանում հայտնված հայաստանցի ոչ մի գերի հայրենիք վերադարձվելուց հետո չի դատվել, մինչդեռ Ադրբեջանն անում է հակառակը' դատում իրենց ռազմագերիներին և անգամ մահապատժի ենթարկում: Սա նույնպես վառ ապացույց է, թե այդ երկրի քաղաքացիներն ինչ իրավունքներ ունեն եւ ինչ պայմաններում են ապրում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

 

Այսօր' օգոստոսի 8-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց է, որ օգոստոսի 7-ին Թովուզի Աղբուլաղ գյուղում գերի ընկած Տավուշի շրջանի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն օգոստոսի 8-ի առավոտյան «հանկարծակի անհայտ պատճառով մահացել է»: Ըստ հաղորդագրության' նախնական տվյալներով' Պետրոսյանի մահվան պատճառը «սիրտ-թոքային խիստ անբավարարությունն է, խիստ միոկարդիալ անբավարարությունը»:

 

Ներկայում Ադրբեջանի ՊՆ դատաբժշկական փորձագիտական եւ պաթոլոգոանատոմիական կենտրոնի Գյանջայի տարածաշրջանային բաժանմունքի փորձագետները իբր պարզում են հայ գերու մահվան իրական պատճառը: Տավուշի սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել էր, որ իրենց գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել:

 

2010 թ. սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ քսանամյա Մանվել Սարիբեկյանը գերեվարվել էր. հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ նա մահացել է բանտախցում՝ Բաքվում։ Մահից առաջ ադրբեջանական ANS TV հեռուստաընկերությունը պատրաստել էր թողարկում, որում Մանվել Սարիբեկյանի հարցազրույցը էր տալիս հեռուստաընկերության աշխատակցի հետ։ Նա խոստովանում էր, թե իբր լրտես է և ահաբեկիչ։ Սարիբեկյանի դին Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել նոյեմբերի 4-ին՝ փոխարենը Ադրբեջանին հանձնելով Ադրբեջանի քաղաքացի Էլդար Թաղիևին։ Հայաստանում կատարված դ ատաբժշկական հետաքննությունը ցույց է տվել, որ Սարիբեկյանը ենթարկվել է կտտանքների:

 

Իսկ 2014թ. հունվարի 28-ին Վերին Կարմիր աղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը դույլը ձեռքին հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու գերեվարվել: Ադրբեջանական կողմը ծերունուն համարել էր դիվերսանտ: Խոջոյանը հայրենիք է վերադարձվել մարտի 4-ին, նրա մարմնին եւ դեմքին կային բազմաթիվ վնասվածքներ: Ադրբեջանում նա ենթարկվել էր կտտանքների, նրան անգամ բենզին էին ներարկել: Չնայած տրամադրված բժշկական օգնությանը' Մամիկոն Խոջոյանը չկարողացավ ապաքինվել եւ մայիսի 20-ին կնքեց մահկանացուն: