Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի երեկվա նիստին սպասվում էր, որ քննարկման է դրվելու ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության' ՀԱԿ «առողջացման» առաջարկ փաթեթը և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին փոխելու առաջարկը, սակայն «Ժողովրդավարական հայրենիքե կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը չներկայացավ Կոնգրեսի քաղխորհրդի նիստին: Երեկ այդ և այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Պետրոս Մակեյանի հետ:
- Պարոն Մակեյան, մամուլում արդեն կարծիք կա, որ Դուք խուսափել եք ներկայանալ ՀԱԿ քաղխորհրդի երեկվա նիստին, քանի որ Ձեր իսկ կուսակցությունում կոնսենսուս չկա, և այն ավելի շատ ղեկավարվում է Լևոն Զուրաբյանի, քան Ձեր կողմից, նաև, որ Դուք արդեն հրաժարվել եք ՀԱԿ-ը բարեփոխելու ծրագրից:
- Ինձ իմացող մարդը երբեք նման հարց չէր տա: Էդ բանսարկու բաներին, խառնակիչ նյութերին ես ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս: Միայն մի բան ասեմ, որ մեր կուսակցությունում ընդունված փաստաթղթերն անցել են միաձայն, քաղխորհրդի անդամները բոլորը կողմ են քվեարկել, բացակայել են 4 հոգի քաղխորհրդի անդամներից, որոնցից երկուսը ղեկավարվում են Լևոն Զուրաբյանի կողմից:
- Ովքե՞ր են, եթե գաղտնիք չէ ղեկավարվում Լևոն Զուրաբյանի կողմից:
- Ղուկաս Մեհրաբյանն ու Պետրոս Գևորգյանը: Նրանք իրոք ղեկավարվում են Լևոն Զուրաբյանի կողմից, ինչը բավարար չեղավ կուսակցությունը վերցնելու համար:
- Իսկ ինչպե՞ս կբացատրեք, որ Դուք երեկ չմասնակցեցիք քաղխորհրդի նիստին:
- Հա, բայց ՀԱԿ-ում երեկ հարց չէին քննարկում, ՀԱԿ-ը քննարկելու օրակարգ չունի' ընտրություններին չի մասնակցում, իմաստը որն է: Ես մինչև մեր նախագիծը չհամաձայնեցնեմ մյուս կուսակցությունների հետ, էնտեղ անելիք չունեմ, գնամ որ ի՞նչ, ժամավաճառությա՞մբ զբաղվեմ: Բայց երեկվա իմ բացակայությունը հարգելի է եղել: Ես թաղման եմ մասնակցել, 4-ին նոր ազատվել եմ: Ընդ որում' Զուրաբյան Լևոնն էլ է սկզբի պահին էնտեղ եղել: Մեր կուսակցության քաղխորհրդի որոշումը մենք դեռ պետք է ներկայացնենք մեր գործընկեր կուսակցություններին, բանակցենք նրանց հետ, այնուհետև ներկայացնենք ՀԱԿ: Դա կտևի մի երկու շաբաթ: Էնտեղ մթնոլորտը ես լավ գիտեմ: Նախապես ուզում ենք մարդկանց հետ խոսել, հասկանալ տրամադրությունները, նոր ներկայացնել:
- Ի վերջո, իշխանափոխության խնդիր ՀԱԿ-ում դնո՞ւմ եք:
- Մենք դրել ենք ՀԱԿ-ի առողջացման, բարեփոխման, քաղաքական դաշտ վերադարձնելու, քաղաքական գործոն դարձնելու խնդիրը: Մնացածը դա մուտիլովկեք են, խառնակչություն է, որի մեջ մենք չկանք:
- Տեղեկություն կար, որ երեկ ՀԱԿ քաղխորհրդի նիստում դրվելու էր Լևոն Զուրաբյանի հրաժարականի պահանջը:
- Մեր առաջարկությունը անձերի հետ կապված չէ: Ավելի շատ խնդիրը դրված է այս ճգնաժամային ասեմ, քաոսային ասեմ, անկառավարելի վիճակից բերել նոր վիճակի, որ Կոնգրեսը դառնա քաղաքական գործոն: Երևի շատ բարդ բան եմ ասում, բայց մեր ուզածն էդ է: Մենք ուզում ենք նախ մեր փաստաթուղթը քննարկել ՀԱԿ մեր գործընկերների հետ, նոր հետո փոխանցել քաղխորհրդի քննարկմանը: Դրա համար երեկ չէինք կարող դա ներկայացնել և քննարկել: Այսօրվանից քննարկումներ ենք սկսում ՀԱԿ-ի մեր գործընկեր քաղաքական միավորների հետ: 10-12 քաղաքական միավոր է մնացել ՀԱԿ-ում, հերթականությամբ կփորձենք ժամանակի մեջ տեղավորվենք: Միգուցե իրենց կողմից էլ առաջարկություններ կլինեն: Այդ ֆորմատով ենք աշխատելու:
- Պարոն Մակեյան, արդեն իսկ ՀԱԿ-ից որոշակի արձագանքներ կան ՀԱԿ-ի ճգնաժամի ու ՀԱԿ-ի երիտասարդների առթիվ Ձեր հայտարարությունների հետ կապված, ասում են ճգնաժամը ձեզ մոտ է...
- ...Եթե մի քաղաքական ուժ, որը երկու տարի առաջ հարյուր հազարավոր միտինգ էր անում ու պարտադրում էր իշխանությանն իր ուզածը, իսկ այսօր 7 տոկոսի շեմը հազիվ հաղթահարել է ու նախագահական ընտրությանը դիտորդի կարգավիճակով է, էդ ճգնաժամ չի՞: Ուրիշ ի՞նչ պետք է լինի, որ ճգնաժամ լինի: Նախ պետք է այսօրվա իրավիճակը ճիշտ գնահատվի, թե ինչու հասանք էս վիճակին:
- Ի՞նչ արդյունք եք ակնկալում ՀԱԿ կուսակցությունների հետ առանձին հանդիպումներից:
- Չեմ կարող ասել, դա կախված կլինի իրենց տեսակետներից:
- Ի վերջո, կարծում եք, Ձեր առաջարկն ինչ-որ բան կարո՞ղ է փոխել ՀԱԿ-ում:
- Եթե մենք չգնանք այդ փոփոխությանը, և ՀԱԿ-ը դա անտեսի, իրավիճակը ճիշտ չգնահատի, մոտ ժամանակներս ՀԱԿ-ը ոչ միայն որպես գործոն, որն այլևս գոյություն չունի դժբախտաբար, այլև լոգոն էլ չի լինի:
- Իսկ Դուք Լևոն Զուրաբյանի հրաժարականը պահանջո՞ւմ եք, թե՞ ոչ:
- Թույլ տվեք դեռ որևէ բան չգաղտնազերծել:
- Պատրաստվո՞ւմ եք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ առանձին քննարկել Ձեր առաջարկները:
- Խնդիր չունեմ ես: Իհարկե, կցանկանայի, եթե ինքը կամենա, որովհետև դա իմ որոշելու խնդիրը չի:
- Իրեն առաջարկե՞լ եք նման բան:
- Ես ժամանակին՝ ԱԺ ընտրություններից հետո, մայիսի 19-ին նամակ եմ գրել Լևոն Տեր-Պետրոսյանին և իմ ու կուսակցության մտահոգություններն եմ արտահայտել մի քանի հարցերի շուրջ, բայց, ցավոք սրտի, եղել է բանավոր պարզաբանում Կոնգրեսի աշխատակիցների կողմից: