«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն իրադարձությունները.
Գազամատակարարումը դեպի Հայաստան վերականգնվել է
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ այսօր' օգոստոսի 23-ին ժամը 11.00-ին գազամատակարարումը դեպի Հայաստան վերականգնվել է:
***
Վրացագետն անհանգստացած է Հյուսիսային Հայաստանի պատմական հուշարձանների պատկանելության վիճահարույց հարցերով:
Վրացագետ Արկադի Ակոպովն անհանգստացած է Հյուսիսային Հայաստանի պատմական հուշարձանների պատկանելության վիճահարույց հարցերով: Խնդիրն, ըստ պատմաբանի նոր չէ, այն առաջ է եկել 19-րդ դարում, երբ վրացիներն առաջին փորձերն են արել «սեփականաշնորհել» Տայքի ողջ մշակութային շերտը՝ այն վերագրելով վրացական էթնոսին: Այնինչ, կան վառ վկայություններ այն մասին, որ դրանք պատկանել են հայ քաղկեդոնականներին՝ ուղղափառ հայերին: Այս գործընթացը, ցա վոք, շարունակվում է նաև այսօր:
«2012 թվականից սկսած մինչ օրս վերականգնվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող 2 հուշարձան՝ առաջինը Իշխանի եկեղեցին՝ կառուցված 7-րդ դարում հայոց Ներսես 3-րդ կաթողիկոսի կողմից: Այդ եկեղեցին 9-րդ դարում որոշակի վերափոխումների է ենթարկվել ու օծվել է քաղկեդոնական ծեսով: Թեև եկեղեցու արձանագրությունները վրացերեն են, բայց կան հայատառ թվագրումներ»,-ասում է վրացագետը:
Ինչպես նա տեղեկացրեց «Արմենպրես»-ին, 2012 թվականի եկեղեցու վերականգնումն իրականցրել է թուրքական մի ընկերություն՝ վրացական կողմի հետ համատեղ: Երկրորդ եկեղեցին, որի վերականգնման աշխատանքները մեկնարկեցին 2014 թվականի ապրիլին՝ Օշկվանքն է, որի հիմնադրվել է 963 թվականին: «Այստեղ նույնիսկ անունն է խոսում հայկական լինելու փաստի մասին, սակայն վրացիների հետ խոսելիս նրանք պնդում են, որ դա իրենց մշակույթի կարևորագույն ժառանգություններից մեկն է:
Խնդիրն այն չէ, արդյոք այնտեղ վրա ցի հոգևորականներ եղել են թե ոչ, բնականաբար, քանի որ հայերը չեն ունեցել ուղղափառ պատրիարքություն, պետք է ենթարկվեին վրացական կաթողիկոսին՝ Տայքում վրացական թեմեր եղել են: Խնդիրը կայանում է նրանում, թե այդ եկեղեցիները ում համար են եղել կառուցված:
Տարբեր պատմական փաստերի համադրումից ու թուրքական հարկացուցակներից երևում է, որ այս տարածքի բնակչության գոնե ճնշող մեծամասնությունը, եթե ոչ ամբողջը, եղել է հայ: Այսօր էլ Տայքում կան գյուղեր, որտեղ բնակվում են հայեր՝ ճիշտ է, նրանք մահմեդական են և հայերեն չեն խոսում, բայց գիտեն, որ հայ են: Այդ պատճառով էլ վրացական կողմի այն պնդումը, որ տարածքը վրացական է, վրացական հարավային ծայրագավառ, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը:
Ավելին՝ 4-8-րդ դարերում Տայքը եղել է Մամիկոյանների ժառանգական տիրույթը: 8-րդ դարում նոր Բագրատունին որը, արաբների դեմ պայքարելու համար, ընդունեցին քաղկեդոնական դավանանքը՝ վրացական տեսքով: Վրացերենն անգամ 10-րդ դարում եղել է միայն եկեղեցական ժամերգությունների լեզու, մնացած բոլոր դեպքերում կիրառվել է հայերենը:
Տեղանունները ևս հայկական են»,-նշեց Արկադի Ակոպովը' բերելով մի շարք այլ ապացույցներ, որ այդ եկեղեցիները հայկական ծագում ունեն: Երիտասարդ վրացագետը այս պարագայում խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկում. ելքը քաղաքական դաշտում, պետական մակարդակով լուծելն է:
«Կամ էլ գիտական մակարդակում գտնել ելք' հայկական արմատն եր ունեցող վերականգնվող եկեղեցիներում վրացիների հետ համատեղ արշավախմբեր ձեռնարկել, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա, ասենք, հայ ճարտարապետներ ընդգրկել այդ արշավախմբերում, որպեսզի վերականգնման ժամանակ հայկական առանձնահատկությունն ու տարրերը չոչնչացվեն»,-նշեց պատմաբանը' ավելացնելով, որ եթե «Իշխանի եկեղեցին» ամբողջովին արդեն իսկ վերականգնված է վրացական ոճով, ապա Օշկվանքի վերականգնման աշխատաքները դեռ նոր են մեկնարկել, և Օշկվանքի ծագումնաբանությունը «փրկելու» հնարավորություն դեռ կա:
Տայքում ընդհանուր առմամբ, բացի այս երկուսից, հայկական շատ պատմամշակութային արժեքներ դեռ կան՝ «Մայր Աստվածածին» և Զվարթնոցի նմանությամբ կառուցված «Բանակի» եկեղեցիները, Չորդվանքը և այլ կառույցներ: «Վատն այն է, որ, ի տարբերություն հայերի, վրացական կողմը հզոր քարոզչություն է տանում այն ուղղությամբ' ապացուցելու այս կառույցների վրացական լինելու փաստը, բայց մեր կողմից դա չի արվում:
Անհրաժեշտ է հայ ժողովրդի մեջ մասսայականացնել այդ պատմական հուշարձանները՝ բոլորը գիտեն Անիի, Աղթամարի, Արևմտյան Հայաստանի այլ հուշարձանների մասին, բայց հազարից մեկը չգիտի, որ Տայքում մենք ունենք հսկայական պատմամշակութային ժառանգություն: Տուրիստական ընկերությունները պետք է չխուսափեն իրենց երթուղիներում ընդգրկել նաև Տայքը, որտեղ ամեն ծառի հետևում հայկական մի հուշարձան ունենք»,-ավելացրեց Արկադի Ակոպովը :
Արմենուհի Մխոյան
Օգոստոսի 23-ի երեկոյան աննախադեպ հրդեհ է սկսվել հայ-ադրբեջանական սահմանի՝ Երասխ գյուղին հարակից ադրբեջանական դիրքերում: Այս մասին հայտնում է yerkir.am-ը, որի լրագրողին ՀՀ ՊՆ զինվորականներն ասել են, որ իրենք էլ տեղյակ չեն, թե հրդեհն ինչից է սկսվել:
Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում։
***
Այսօր մեր երիտասարդները կարողանում են վստահորեն պաշտպանել մեր երկրի սահմանները. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը: Հավաքը, որին մասնակցում էր ավելի քան 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, մեկնարկել է ս.թ. օգոստոսի 18-ին:
Այս տարվա հավաքին մասնակցում էին նաև նոր ջոկատներ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Ոստիկանության, Գևորգյան հոգևոր ճեմարանի, լրագրողների, «Փյունիկ» հաշմանդամների միության, երիտասարդ երկրապահների և այլ հասարակական կազմակերպությունների ջոկատներ: Հանրապետության Նախագահը ծանոթացել է անցած օրերին «Բազե-2014» հավաքի շրջանակներում կայացած միջոցառումներին, բազեականների առօրյային, դիտել այդ ամենը ներկայացնող տեսանյութը, ինչպես նաև՝ հավաքի մասնակիցների կողմից կազմակերպված ռազմականացված ներկայացումն ու պարային ֆլեշմոբը:
Սերժ Սարգսյանը ողջունել է հավաքի մասնակիցներին, հաջողություններ մաղթել և վստահություն հայտնել, որ ճամբարում երիտասարդ բազեականները ձեռք են բերել նոր հմտություններ ու գիտելիքներ, նաև՝ լավ ընկերներ ու հավաքի ավարտից հետո ունենալու են բազմաթիվ վառ տպավորություններ: Հանրապետության Նախագահը նշել է, որ շատ ուրախ է հերթական անգամ հանդիպելու բազեականներին և շնորհավորել է նրանց այսօրվա տոնի՝ Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
«Քսանչորս տարի առաջ այս նույն օրը ընդունվեց Անկախության հռչակագիրը, և դա շատ կարևոր իրադարձություն էր մեր ժողովրդի համար: Հայաստանի բնակիչների ճնշող մեծամասնությունն իրեն հարց էր տալիս՝ ի՞նչ է լինելու ապագան, ինչպիսի՞ ընթացք է ունենալու մեր անկախ պետությունը և նոր ի՞նչ բարդություններ ու դժվարություններ է պատրաստել ճակատագիրը հայ ժողովրդի համար: Բոլորի հետ միասին ես էլ էի խորհում ապագայի մասին ու վստահ էի, որ մեզնից ավագ սերունդը, մեր և մեզնից կրտսեր սերունդը կարողանալու են պատվով կատարել իրենց առաքելությունը:
Ես որոշակի մտավախություն ունեի, թե ինչպես է ավելի երիտասարդ՝ 90-ականներից հետո ծնված սերունդը, կարողանալու տնօրինել մեր հայրենիքի ճակատագիրը: Փառք Աստծո, որ մենք կարողացանք այս տարիների ընթացքում, իրոք, կատարել մեր առաքելությունը, և ես վստահ եմ, որ այսօրվա երիտասարդությունը մեզնից շատ ավելի լավ է կատարելու այդ առաքելությունը: Իմ համոզմունքը հիմնված է ոչ թե լավատեսության, այլ այն իրողության վրա, որ այսօր մեր երիտասարդները կարողանում են վստահորեն պաշտպանել մեր երկրի սահմանները և այդ ընթացքում ցուցաբերել քաջության, հայրենասիրության բազմաթիվ վառ օրինակներ:
Եթե մեր դպրոցականները համաշխարհային առարկայական օլիմպիադաներում նվաճում են 19 մեդալ, և որպեսզի կարողանաք պատկերացնել, թե դա ինչ է, ասեմ, որ մեր հարևան Վրաստանը նվաճել է ընդամենը 8, Ադրբեջանը՝ 4, իսկ 80 միլիոնանոց Թուրքիան՝ 22 մեդալ: Ինչպե՞ս չհպարտանաս այդպիսի դպրոցականներով, եթե վերջին 4-5 տարիների ընթացքում միջին հաշվով 100 հայ երիտասարդ ամեն տարի ընդունվում է աշխարհի լավագույն 10 բուհեր, ապա ինչպե՞ս վստահ չլինես, որ այդ մարդիկ կարողանալու են շատ ավելի մեծ գործեր կատարել, քան մենք ենք արել:
Եվ եթե մեր տանկային անձնակազմերը, որոնց հետ դուք հանդիպել եք, կարողանում են մրցել աշխարհի խոշորագույն բանակների ներկայացուցիչների հետ ու լինել հաղթողների թվում, ուրեմն ամեն ինչ լավ է ընթանում:
Ուզում եմ մեկ անգամ ևս ձեզ շնորհավորել և մաղթել հաջողություն»,-«Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը բազեականների ճամբարում այնուհետ դիտել է հավաքի փակման առիթով կազմակերպված գալա համերգը:
Սերժ Սարգսյանը նաև պատասխանել է «Բազե-2014»-ի երիտասարդ լրագրողների ջոկատի անդամներին հետաքրքրող հարցերին: Ճամբարական լրագրողները Հանրապետության Նախագահին հարցեր են ուղղել ինչպես Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության, այնպես էլ մեր երկրի պաշտպանության, տնտեսության մարտահրավերների, սոցիալական թեմաների վերաբերյալ:
***
Լարված իրավիճակ Նուռնուս գյուղում. բնակիչները սպառնում են կտրուկ գործողությունների դիմել
Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի Այգեգործական թաղամասում: Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, 150 բնակիչներ փակել են ճանապարհը՝ արդարացիորեն բարձրաձայնելով, որ դրա մեղավորը կառավարությունը և Կոտայքի մարզպետարանն են:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ճանապարհը փակած գյուղացիներն ասում էին՝ «Տևական ժամանակ է, ինչ սնկի նման աճած ինչ-որ «Առողջ սունկ» ընկերություն անհայտ գործունեություն է ծավալում այս տարածքում, ինչի հետևանքով գարշահոտության ու թունավոր արտանետումների բույրը խեղդում է Նուռնուսն ու Բյուրեղավանը: Մենք բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին, ովքեր ոչ մի ընթացք չեն տալիս խնդրի կարգավորմանը ու հիմա ստիպված դիմում ենք ծայրահեղ այս քայլին ու փակում ճանապարհը:
Կառավարությունը մեզ ամբագոռգոռ հայտարարում է, թե արտագաղթը վերացնելու քայլեր է ձեռնարկում, ի՞նչ արտագաղթի վերացման մասին է խոսքը, երբ նշված ընկերության աշխատանքների հետևանքով Նուռնուսն ու Բյուրեղավանը դատարկվում են: Հիմա եթե հարցը չլուծվի, բոլոր բնակիչները՝ մեր ու մանուկ, ահել ու ջահել, երկուշաբթի օրը «գրոհելու ենք» կառավարության շենքը: Թող կառավարությունը հարցին լուծում տա»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի։
***
Պարում են Գեներալ Մանվել Գրիգորյանն ու Սուրեն Խաչատրյանը (տեսանյութ)
Երկրապահ կամավորականների միությունը՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ավանդական դարձած ԵԿՄ ուխտագնացության շրջանակներում Գորիսում էր:
Տեսանյութը՝ slaq.am–ի։