Սիրիայի նոր կառավարության անդամները վարչապետ Ուաիլ ալ Հալկիի գլխավորությամբ օգոստոսի 31-ին սահմանադրական երդում են տվել նախագահ Բաշար ալ Ասադի առջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, կառավարության նոր անդամների հետ հանդիպման ժամանակ նախագահ Ասադը նշել է, որ նախարարները պետք է մեծ պատասխանատվությամբ կատարեն իրենց աշխատանքները և ուղիներ որոնեն հաջողությունների հասնելու համար, չնայած երկրում տիրող պայմաններին: Ասադը նաև նշել է, որ կառավարության վրա առաջին հերթին դրված է երկրի անվտանգության վերականգնման և ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարը, անհրաժեշտ է ուշադրության արժանացնել ազգային հաշտեցման հարցը:
Իր հերթին վարչապետ Ուաիլ ալ Հալկին նշել է, որ հնարավոր ամեն ինչ կանեն լուծելու իրենց առջև դրված խնդիրները: Կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն բանակին ահաբեկչության դեմ պայքարում:
Սիրիայի նոր կառավարության 35 անդամների թվում է հայազգի Նազիրա Ֆարահ Սարգիսը, ով կրկին ստանձնել է բնապահպանության նախարարի պաշտոնը: Նազիրա Սարգիսը ծնվել է 1962թ. Հալեպում, քիմիկոս է: